ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում էր Պետերբուրգի ավիատիեզերական համալսարանի պատվիրակությունը

Պոլիտեխնիկում էր Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական համալսարանի պատվիրակությունը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությունը ընդունել է Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի (Санкт-Петербургский государственный университет аэрокосмического приборостроения (ГУАП)) պատվիրակությանը՝ ռեկտոր Յուլյա Անտոխինայի գլխավորությամբ։

Միջազգայնացման և բարեփոխումների գծով պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը ռուս հյուրերին ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ անդրադառնալով նաև Շիրակում, Լոռիում և Սյունիքում գործող համալսարանի մասնաճյուղերին, եռաստիճան կրթական ծրագրերին, ավագ դպրոցին, քոլեջին, ինչպես նաև նոր ստեղծվող միջին դպրոցին: Նա խոսեց նաև ՀԱՊՀ մանկապարտեզի մասին, որը բուհական համակարգում եզակի է և իր նախադեպը չունի:

Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի ռեկտոր Յու․ Անտոխինան հայ գործընկերներին պատմեց իրենց համալսարանի աշխատանքի մասին, կիսվեց իրենց հետազոտական ​​փորձով և ներկայացրեց ուղղություններն ու զարգացումները։ Նշեց, որ իրենց ցանկությունն է փոխանակել ինժեներական մասնագիտությունների զարգացման լավագույն փորձը։ Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանի Ճարտարագիտական ​​դպրոցի տնօրեն Սերգեյ Սոլյոնին ներկայացրեց դպրոցի կառուցվածքը և ուղղությունները։

Կողմերը հույս հայտնեցին, որ քննարկումների արդյունքում հնարավորություն կստեղծվի ունենալ կայուն և երկարատև համագործակցություն ավիատիեզերական սարքաշինության, ռոբոտատեխնիկայի և մեխատրոնիկայի ուղղություններով:

Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի ավիատիեզերական սարքաշինության պետական համալսարանը Ռուսաստանի լավագույն տասնյակում գտնվող համալսարաններից է, ավիատիեզերական համակարգերի, կառավարման համակարգերի և նորագույն կրթական տեխնոլոգիաների ոլորտում երկրի առաջատար գիտական ​​և կրթական հաստատություններից մեկը։