Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:
Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:
Բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
Հիշեցնենք, որ 2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews