Հայաստանի 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի են ունենալու բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններ։ Հուլիսի 1-ին պարետատան նիստից հետո այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Քննական կենտրոններից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում։ Ամենահագեցած օրը լինելու է հուլիսի 6-ը, այդ օրը ամենաշատ դիմորդներն են մասնակցելու քննությանը»,- ասաց Հարությունյանը։
Նախարարը հորդորեց դիմորդների ծնողներին և ուղեկցողներին հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից քննական կենտրոնների մոտ։
«Վստահ եմ, որ ձեր երեխաները ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի թող ուղեկցի դիմորդներին և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի այդ տարածքը։
Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության և մարզային իշխանությունների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստելու համար»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ վաղը օտար լեզվի միասնական քննության օրն է:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։