ԳլխավորԼուր

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ

Քիչ առաջ հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած 3 միջնորդությունների վերաբերյալ դատարանի (դատավոր՝ Աննա Դանիբեկյան) որոշումը. միջնորդությունները մերժվեցին։

Գրեթե երկամսյա դադարից հետո մայիսի 8-ին վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը: Նախկին նախագահը, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ գործի շրջանակում մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման մեջ:

Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 3 միջնորդություն՝ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, գրավ կամ անձնական երաշխավորություն կիրառելու։  Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորել են Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 8-ին հայտարարել էր, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ։

Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ մայիսի 12-ին ենթարկվել է վիրահատության։

Comment here