ԳլխավորԼուր

Երևանում բացվեց Շառլ Ազնավուրի արձանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում այսօր բացվել է Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, բանաստեղծ, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի արձանը՝ «Լա Բոհեմ» անվանումով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, Փարիզ քաղաքի և Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի պատվիրակներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, արվեստագետներ, մտավորականներ, Ազնավուրի արվեստի երկրպագուներ, Երևան քաղաքի հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, «Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը:

«Երբ հայրս ժամանում էր Երևան, նա կանգ էր առնում այս հյուրանոցում: Նա սիրում էր պատշգամբից նայել այս հրապարակին, որը լեցուն է կյանքով և պատմությամբ։ Հիրավի շատ հուզիչ է, որ այսօրվանից մեկընդմիշտ Ազնավուրը կլինի այստեղ՝ այս հրապարակում»,- ողջունելով ներկաներին ասել է Շառլ Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:

Նրա խոսքով՝ Ազնավուրը սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ ձևով, և դա արտահայտվում էր ոչ միայն բառերով, այլև գործունեությամբ:

«Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում: Հայրս հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, մշակույթին ու ապագային: Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի իր ընտանիքը ժամանի և հաստատվի այստեղ՝ ապրեցնելով և իրականություն դարձնելով իր գաղափարները»,- նշել է Նիկոլա Ազնավուրը և հավելել, որ արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին և աշխարհի բոլոր այն մարդկանց, որոնք սիրում են Ազնավուրի արվեստը:

«Լա Բոհեմ» արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը պատմել է արձանի ստեղծման մեկ ու կես տարվա պատմությունը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են գործին: «Ես առանձնահատուկ շնորհակալ եմ Շառլ Ազնավուրին, որ թույլ տվեց իր հետ մեկ ու կես տարի ընկերություն անել»,- ասել է Դավիթ Մինասյանը՝ խոսելով ստեղծագործական մտահղացման մասին:

«Լա Բոհեմ» արձանի մտահղացման հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը՝ հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ՝ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։

Արձանը պատրաստված է բրոնզից, օգտագործվել են նաև այլ նյութեր՝ մարմար, կարմիր էմալ: Չափսը՝ 3350/ 2500/ 1820 մմ, քաշը՝ 1850 կգ: Ստեղծվել է 2025 թվականին:

Նիկոլա Ազնավուրը Շառլ ազնավուրի արձանի բացման ժամանակ Ժաննա Անդրեասյանը Ազնավուրի արձանի բացման ժամանակ Ժաննա Անդրեասյանը Ազնավուրի արձանի բացման ժամանակ Մանկական երգչախումբը Շառլ ազնավուրի արձանի բացման ժամանակ Ազնավուրի արձանի քանդակի հեղինակ Դավիթ Մինասյանը Ազնավուրի արձանը Երևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում