Հունվարի 20-ին ավարտվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները։ Կանանց մրցումներում 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր` հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճել է Սուսաննա Գաբոյանը։
Արծաթե մեդալակիր է դարձել Մարիամ Ավետիսյանը (7 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մելինե Գասպարյանը։
Տղամարդկանց մրցումներում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վերջին տուրում հաղթանակ է տոնել Արթուր Դավթյանի նկատմամբ ու ինը հնարավորից վաստակելով 6 միավոր` առաջին հորիզոնականում շրջանցել է Սամվել Տեր-Սահակյանին։
Վերջինս մրցաշարային աղյուսակը գլխավորում էր նախավերջին տուրից հետո, սակայն մրցումների վերջին պարտիայում պարտվեց Տիգրան Հարությունյանին և զբաղեցրեց 4-րդ տեղը։
Առաջնությունում երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանուէլ Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները մեկնարկել էին հունվարի 11–ին։