ԳլխավորԼուր

ՇՕ. Հայաստանը հաղթեց Իսպանիային ու դարձավ փոխչեմպիոն

Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իսպանիայի թիմին` 2.2-1.5 հաշվով, հայտնում է ՖԻԴԵ-ն։ Միակ հաղթանակը տարել է Գաբրիել Սարգսյանը Ալեքսեյ Շիրովի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը 19 միավոր է վաստակել: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճել է Ուզբեկստանի ընտրանին: Լավագույն եռյակը 18 միավորով եզրափակել է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5), Հնդկաստանի գլխավոր թիմին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1) ոչ-ոքի էր խաղացել ԱՄՆ-ի հետ և զիջել միայն Ուզբեկստանին (1:3):

Հայաստանի հավաքականն առաջին անգամ էր հանդես գալիս Արման Փաշիկյանի գլխավորությամբ:

Հայաստանի կանանց հավաքականն էլ վերջին տուրում 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի նկատմամբ: Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը, Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է:

Վերջնարդյունքում Հայաստանի կանանց հավաքականը, Զավեն Անդրիասյանի գլխավորությամբ, 16 միավորով զբաղեցրել է 11-րդ տեղը:

Հայաստանի շախմատի հավաքականները Երևան կվերադառնան օգոստոսի 10-ին՝ ժամը 16:30-ին, Շարժա-Երևան չվերթով:

Հավելենք, որ Հայաստանը 3 անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում (2006, 2008, 2012 թթ.)։