ԳլխավորԼուր

Ապագա իրավաբաններն ու լրագրողները այցելել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողներ նոյեմբերի 20-ին այցելել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:

Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց-դաս վարեց՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:

Դատավորն իր խոսքում անդրադարձավ նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրեց այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:

Ուսանողները հետաքրքրվեցին օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով, զրպարտության և վիրավորանքի հայցերի քանակով և դատական իշխանության բարեփոխումներով:

Դատավոր Երեմ Եսոյանն ուսանողների կողմից բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ և գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում էլ կարևորեց էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ինչն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը:

Comment here