Արցախյան պատերազմ-2020ԳլխավորՀայաստանս

Ազգային հերոս Վահագն Ասատրյանը հունվարի 14-ին կդառնար 44 տարեկան

Հայաստանի ազգային հերոս, ռազմական գործիչ, Հայաստանի զինված ուժերի գնդապետ, հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի մասնակից Վահագն Ասատրյանը հունվարի 14-ին կդառնար 44 տարեկան։

Վահագն Ասատրյանն ընդհանուր առմամբ ավարտել է ռազմական հինգ բուհ։ Զինվորական կրթության և ծառայության ընթացքում իր համար հերոսի, զինվորական հրամանատարի բացարձակ կերպար է եղել Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։

…Պատերազմի սկսվելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ միասին մեկնել է Սյունիքի մարզ, որտեղից նույն օրը տեղափոխվել Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Հոկտեմբերի առաջին օրերին Վահագն Ասատրյանի մշակած ռազմագործողությամբ ու հրամանատարությամբ նրա ստորաբաժանումը կարողացավ վերագրավել Շահումյանի շրջանի «Շղթաներ» դիրքը։

Վահագն Ասատրյանն իր ղեկավարած ստորաբաժանման հետ Շահումյանի շրջանից տեղափոխվեց Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Ջրականի հատված ու ծանր մարտեր մղեց թշնամու դեմ։

Ըստ նրա օգնական Արթուր Մուսայելյանի հայտնած տեղեկությունների՝ Հադրութի շրջանում (Ջրական, Հադրութ) ընթացող մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները ամբողջ ռազմաճակատով փնտրել են Վահագն Ասատրյանին։

Ռադիոհետախուզական տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին հրահանգված էր Վահագն Ասատրյանին հայտնաբերելու դեպքում անմիջապես հրթիռակոծել նրա գտնվելու վայրը։

Իր ղեկավարած հատուկ նշանակության ստորաբաժանման հետ Ասատրյանը ծանր մարտեր է մղել Հադրութ քաղաքում և մերձակայքում։

Զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված հրթիռի հարվածից։

Ըստ համացանցային բաց աղբյուրների

Comment here