ԳլխավորԼուր

«Վերջին զանգի» օրը ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Վերջին զանգ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունը հունիսի 4-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ միջոցառումների շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին հորդորում է ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց:

«Ծնողներին հորդորում եմ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, որպեսզի համատեղ կանխենք հնարավոր պատահարները։ Ներողամտություն չենք դրսևորելու որևէ իրավախախտի նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։ Սիրելի շրջանավարտնե՜ր, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ»,- նշել է Եգոր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ուսումնական տարին 12-րդ դասարանների համար ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Comment here