ԳլխավորԼուր

Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 70-ամյակը

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 70-ամյակը:

Հոբելյանի կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հարգելի՛ Խորեն Հովհաննիսյան,

Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում: Ձեր տպավորիչ խաղով, նվիրումով և անսպառ կամքով ոգեշնչել եք սերունդներին և շարունակում եք լինել իսկական մարզիկի օրինակ։ Անուրանալի է Ձեր ներդրումը թիմային խաղի հաղթանակներում, որոնցով համախմբվել, ոգեշնչվել և առաջնորդվել է մեր հանրությունը:

Դուք՝ որպես մարզիչ, բազում տաղանդաշատ ֆուտբոլիստների եք կրթել և այդ աշխատանքը շարունակում եք մինչ օրս Ձեր անունը կրող ֆուտբոլի ակադեմիայում: Վստահաբար, այսօրվա կրտսեր ֆուտբոլիստները դառնալու են Ձեր գործի շարունակողն ու հայկական ֆուտբոլի ապագան կերտողները: Շնորհակալություն գործադրած ջանքի և անձնվեր աշխատանքի համար:

Սրտանց շնորհավորում եմ 70-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ամենայն բարիք և նորանոր հաջողություններ»:

Խորեն Հովհաննիսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 1973 թվականին Երևանի «Արարատ» ակումբում: Հանդես է եկել «Արարատ», «Իսկրա», «Պախտակոր», «Կիլիկիա», «Փյունիկ» թիմերում: Խորհրդային Միության երիտասարդական թիմի կազմում դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 1980 թվականին` Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Մարզչական կարիերայի ընթացում Հովհաննիսյանն աշխատել է «Տավրիա», «Հոմենընդմեն», «Կիլիկիա», «Փյունիկ» և Տաշքենդի «Լոկոմոտիվ» ակումբներում: 1996-1997 թվականներին եղել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը: