ԳլխավորԼուրԿրթություն

Արցախում պետական բուհերում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ

Արցախում կրթության ոլորտում բարեփոխումների նոր փուլ է սկսվում: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձում նշել էր, որ նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ծրագրի մանարամասները, նշեց, որ որոշումն ունենալու է հետադարձ ուժ: Այսինքն, ամենայն հավանականությամբ վերաբերելու է պետական ուսումնական հաստատություններում ընդունված և արդեն սովորող ուսանողներին:

«Այս ծրագրի հետ կապված առաջին ոգևորությունն ու արձագանքը ստացել ենք այս տարվա շրջանավարտներից: Բայց ասեմ, որ թեպետ պետական հաստատություններում ուսուցումն անվճար է լինելու, սակայն ընդունելության պայմաններն են խիստ լինելու: Ծրագրի նպատակը միայն սոցիալական խնդիր լուծելը չէ: Կառավարությունն այս ծրագրով փորձելու է խստացնել կրթության նկատմամբ պահանջները, լուրջ ուշադրություն է դարձվելու թե′ դասախոսական անձնակազմի որակական հատկանիշներին, թե′ ընդհանուր կրթական մակարդակի որակի բարձրացմանը»,-ասաց նա:

Կրթությունն անվճար է լինելու նաև միջին մասնագիտական պետական կրթական հաստատություններում: Այլևս պետական ուսումնական հաստատությունները կախված չեն լինելու ուսանողների վարձավճարներից: Վահրամ Պողոսյանը նշեց, որ այդ հանգամանքը որոշակի բացասական հետևանքներ է ունեցել, ընդհանուր առմամբ, կրթական որակի վրա: Այս փոփոխությունը ենթադրում է, որ պետությունը պետք է պետական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումն ավելացնի:

Արցախում գործում է երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատություն, 4 պետական քոլեջ:

Comment here