ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

50․000 դրամ կրթաթոշակ՝ ֆիզիկա ու քիմիա մասնագիտություն ընտրած արցախցիներին

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, նպատակ ունենալով խթանել բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունը դպրոցականների և շրջանավարտների մոտ, նախաձեռնել է ստեղծել արցախցի անվանի ֆիզիկոս, ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ,«Վաչագան Բարեպաշտ» մեդալակիր Իվան Աթայանի անվան կրթական ֆոնդ, տեղեկացնում են Արցախի ԿԳՄ նախարարությունից։

«Մեծ է Իվան Աթայանի ավանդը Արցախում բնագիտական առարկաների, մասնավորապես, ֆիզիկայի հանդեպ սեր ու հետաքրքրություն սերմանելու, առարկայի ուսուցման մեթոդաբանությունը լավագույն հիմքերի վրա դնելու գործում։

1950-ականներից սկսած Աթայանը ձեռնամուխ է եղել հայրենի գյուղում՝ Ավետարանոցում, ֆիզիկայի ուսումնամեթոդական կաբինետ ու լաբորատորիա հիմնելու գործին, ստեղծել նյութատեխնիկական հարուստ բազա՝ ուսուցման համար անհրաժեշտ սարքերով, որոնք նախագծվում և պատրաստվում էին նաև աշակերտների ջանքերով։ Աթայանի ստեղծագործ մոտեցման շնորհիվ գործում էր ֆիզիկայի ու աստղագիտության արտադասարանական, արտադպրոցական աշխատանքների յուրատիպ համակարգ, որտեղ ընդգրկված աշակերտների համար դպրոցում և բնության գրկում կազմակերպվում էին գործնական հետաքրքիր պարապմունքներ, էքսկուրսիաներ, հանդիպումներ:

Նման համակարգային լուծումների արդյունքում է, որ Աթայանի տասնյակ աշակերտներ ընտրել են ֆիզիկայի ուսուցչի մասնագիտությունը և հաջողությամբ աշխատել ու աշխատում են Արցախի, Հայաստանի Հանրապետության տարբեր կրթական հաստատություններում։

«Իվան Աթայան» ֆոնդի ստեղծմամբ նախարարությունը նպատակ ունի վերակենդանացնել երբեմնի այդ սերն ու հետաքրքրությունը բնագիտական առարկաների հանդեպ։

Ֆոնդը 50․000 դրամ կրթաթոշակ է սահմանելու արցախցի այն դիմորդների համար, ովքեր բարձրագույն կրթություն կստանան ԱրՊՀ-ում և ՀՀ բուհերում ֆիզիկա ու քիմիա առարկաներից։

Առաջին կիսամյակում կրթաթոշակը տրամադրվելու է բոլոր ընդունվածներին, երկրորդ կիսամյակից հաշվի է առնվելու ուսանողի առաջադիմության միջին որակական գնահատականի շեմը։

Նախարարությունը երաշխավորում է և հետամուտ է լինելու, որպեսզի ֆոնդի աջակցությամբ սովորած ուսանողները աշխատանքի անցնեն Արցախի կրթական հաստատություններում՝ ձեռք բերած գիտելիքները ծառայեցնելով ի շահ երկրի։

ՀՀ բուհերի նշված բաժիններ ընդունվելու դեպքում կրթաթոշակից կարող են օգտվել այն արցախցի ուսանողները, ովքեր կստորագրեն Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ պայմանագիր առ այն, որ պարտավորվում են վերադառնալ ու աշխատել Արցախում։

Ֆոնդի ստեղծման աշխատանքներին միացել է Իվան Աթայանի որդին՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Կամո Աթայանը՝ պատրաստակամություն հայտնելով օգնել լավագույն փորձով։
Ֆոնդահայթայթման աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆոնդի առաջին հովանավորներից է։ Նախագահը պատրաստակամություն է հայտնել իր աշխատավարձի մի մասը հատկացնել ֆոնդի բյուջեի ձևավորմանը։

Սիրելի՛ շրջանավարտներ, օգտվեք ձեզ ընձեռնված այս հրաշալի հնարավորությունից, սպասում ենք ձեր հայտերին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Comment here