ԳլխավորԼուրԿրթություն

«Համակերպվեք այն աղմուկի հետ, որը կա»․ Ժաննա Անդրեասյանը՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԿԳՄՍՆ-ն ուշադիր է բոլոր ռացիոնալ դիտարկումներին, որոնք վերաբերում են հանրակրթական նոր չափորոշիչներով կազմված նոր դասագրքերին: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Պատմություն» դասագրքին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նկատեց՝ ծնողների, մանկավարժական հանրույթի կողմից բողոքի ալիք է բարձրացել՝ կապված «պատմական իրողությունների խեղաթյուրման» հետ: Գրքում կան նաև քերականական սխալներ:

Ի պատասխան Ժաննա Անդրեասյանը ընդգծեց, որ դպրոցներում ամենակարևոր արժեքը և այն առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, մեր պետությունն է և պետականությունը:

««Պատմություն» առարկայի ուսուցման հիմնական նպատակը պատմական մտածողության ձևավորումն է մեր երեխաների մոտ, որից պարզ պետք է դառնա, որ
պատմությունը բազմաշերտ իրողություն է, և ամենակարևորն է ունենալ տարբեր աղբյուրներ համադրելու, վերլուծելու, համեմատելու, եզրահանգումներ անելու, ինքնուրույն դատողություններ կազմելու ունակություններ, հմտություններ, որոնք այնքան բացակայում են մեզ այդ այսպես կոչված «ուռա հայրենասիրության» և պաթոսի մեջ, որով տարիներ շարունակ ողողված է եղել մեր դպրոցը, և որից շատ դժվար է լինելու մեր դպրոցը ազատել: Հետևաբար ես խնդրում եմ համակերպվել այն աղմուկի հետ, որը կա»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ փաստական անճշտությունների և վրիպակների մասով երկրորդ կիսամյակում կլինեն համապատասխան ուղղումները:

Մանրամասները՝ տեսանյութում։