ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթություն

Անվանական կրթաթոշակ` մարզառազմական պետական ուսհաստատությունների սաներին

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է խրախուսել մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի միջոցով, ինչը կնպաստնի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, կհանգեցնի անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը:

Նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացում կատարել ԿԳՄՍ նախարարի այս տարվա մայիսի 12-ի «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 52-Ն հրամանում:

Այսպիսով` մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ կրթության հիմնական մակարդակում տրվում է տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև հաջորդ երկու դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 10 հազար դրամի չափով, նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 20 հազար դրամի չափով, և նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30 հազար դրամի չափով:

Ինչ վերաբերում է կրթության ավագ մակարդակին, անվանական կրթաթոշակ տրվում է տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատություններ նոր ընդունված (վերականգնված կամ տեղափոխված) սովորողներին ուսումնառության առաջին կիսամյակում, ինչպես նաև հաջորդ երկու դրույթներին չբավարարող սովորողներին՝ ամսական 15 հազար դրամի չափով, նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 30 հազար դրամի չափով, նախորդ կիսամյակի արդյունքում միայն «գերազանց» գնահատականներ ունեցող սովորողներին՝ ամսական 45 հազար դրամի չափով:

Կրթաթոշակների վճարումը սովորողներին իրականացվում է անկանխիկ եղանակով, նկատի ունենալով հետևյալը` կրթաթոշակ ստացող սովորողներն իրավունք ունեն իրենց վճարված կրթաթոշակների մինչև 50 տոկոսն օգտագործել միայն արձակուրդային օրերին, մինչև տվյալ մարզառազմական պետական ուսումնական հաստատությունում ուսումնառության ավարտը սովորողներն իրավունք չունեն օգտագործել իրենց վճարված կրթաթոշակների առնվազն 50 տոկոսը, ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել կրթաթոշակներ՝ ուսումնական հաստատության կողմից սահմանված կարգով։

Նախագիծը e-draft համակարգում հանրային քննարկման է ներկայացված մինչև այս տարվա նոյեմբերի 8-ը: