ԳլխավորԼուր

Մինչև 300 000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն. ՊԵԿ նախագահ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համար սահմանվել է 300 հազար ՀՀ դրամի շեմ՝ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված եկամուտների համար․ հայտարարագրում քաղաքացիները կարող են չլրացնել 300 հազար դրամից պակաս և միանվագ ստացված այդ գումարները, հայտնում են ՊԵԿ-ից։

Երեք հարյուր հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։

Նա նաև տեղեկացրել է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։

Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։

Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։

Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։

Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։