ԳլխավորԼուր

Նախարարն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն

Ախուրյանի երիտասարդական կենտրոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Այն գործում է 2025 թվականի հունիսից, հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։

Կենտրոնում գործում են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև գրադարանային հատված՝ ընթերցասրահով։ Սաներն ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի, կինոդիտումների, թեյախմությունների և թեմատիկ քննարկումների՝ հաճախ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև բաց դռների օրեր, որոնց ընթացքում ծնողները և այլ շահագրգիռ անձինք ծանոթանում են կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին։

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջությանը վերաբերող աշխատանք (Mental Health)։

Երիտասարդական կենտրոնը տեղակայված է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Ամբողջությամբ վերանորոգված կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերին և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար: