ԳլխավորԼուր

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 935 շրջանավարտ ունի

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 935 շրջանավարտ ունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 22-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին:

Շնորհավորանքի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ և համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ` իր համար պատիվ է պոլիտեխնիկցիների 92-րդ սերնդին բարի երթ և մասնագիտական հաջողություններ մաղթել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ ՀՀ-ում ներկայում ընթացող կրթական լայնածավալ բարեփոխումների այս փուլում առավել շոշափելի են տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությունները, որոնցում Պոլիտեխնիկական համալսարանը կարևոր դերակատարություն ունի:

Նրա դիտարկմամբ՝ կրթական հաստատության կայացվածության կարևոր հատկանիշ է այդ բուհի կեցութաստեղծ բնույթը, որը դրսևորվում է տվյալ կրթական հաստատության ու անհատի կապի միջոցով:

«Վստահաբար 135 հազար պոլիտեխնիկցիներ, անկախ իրենց ուսումնառության ժամանակաշրջանից, անգամ տվյալ պահին կրթության կազմակերպման որակի հանդեպ իրենց վերաբերմունքից, հպարտությամբ և հարգանքով են նշում իրենց՝ «պոլիտեխնիկցի» լինելու փաստը: Սա, կարծում եմ, այն կարևոր հատկանիշներից է, որը միավորում է այսքան մեծ թվով մարդկանց, այդ թվում, իհարկե, բուհի դասախոսներին, աշխատակազմին, ուսանողներին, շրջանավարտներին»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները կշարունակեն իրենց գործունեությամբ նպաստել երկրի հզորացմանն ու տեխնոլոգիական առաջընթացին։

Այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ավարտում է 935 շրջանավարտ:

Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև դիպլոմների հանձնման, պարգևների և պատվավոր կոչումների շնորհման արարողություն։ Պոլիտեխնիկական համալսարանում շուրջ հինգ տասնամյա գիտամանկավարժական աշխատանքի համար Ռուբեն Աղգաշյանն արժանացել է բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews