ԳլխավորԼուր

Պատմական արդյունք. Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդն է գեղասահքի աշխարհի առաջնությունում

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը

Կարինա Ակոպովա- Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում:

Կարճ ծրագրում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը վաստակել են 67.12, ազատ ծրագրում՝ 123.34 միավոր: Ընդհանուր հաշվարկում նրանք վաստակել են 190.46 միավոր և գրավել 8-րդ հորիզոնականը: Հիշեցնենք՝ Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը՝ 180,66 միավորով:

Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը պատմության մեջ առաջին անգամ է աշխարհի առաջնությունում հայտնվել լավագույն տասնյակում: Այս արդյունքի շնորհիվ աշխարհի հաջորդ առաջնությունում Հայաստանը ևս մեկ զույգ ներկայացնելու հնարավորության կունենա: Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը նաև մեծահասակների աշխարհի գավաթի (Գրան-Պրի) երկու ուղեգիր են նվաճել:

Գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեմյոն Դանիելյանցն ավելի վաղ չի հաղթահարել տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրի որակավորման փուլը: 19-ամյա գեղասահորդը կարճ ծրագրի արդյունքում վաստակել է 70.94 միավոր և գրավել 26-րդ տեղը, իսկ եզրափակիչ են դուրս եկել 24 լավագույնները: Կարճ ծրագրին 36 գեղասահորդ է մասնակցել:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews