ԳլխավորԼուր

ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումն էր

ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումը (հունիսի 17, 2026 թ.)

Երևանի պետական համալսարանում հունիսի 17-ին տոնական մթնոլորտ էր։ Բուհի բակում կրկին հավաքվել էին շրջանավարտներ, դասախոսներ, հյուրեր ու ընտանիքների անդամներ՝ նշելու ուսանողական երկար ու բովանդակալից ճանապարհի ավարտը։

ԵՊՀ շրջանավարտների ավարտական միջոցառումն այս տարի ևս դարձավ ոչ միայն հրաժեշտի, այլև նոր սկզբի խորհրդանիշ՝ ամփոփելով տարիների ուսումնառությունը և միաժամանակ ճանապարհելով նոր մասնագետների դեպի իրենց մասնագիտական ոլորտներ։

Միջոցառմանը շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ համալսարանական այս օրը կրկնվող է միայն առաջին հայացքից։ Նա մասնավորապես ասաց. «Տարեցտարի այս հանդիպումը ավելի շատ ընկալվում է ոչ միայն որպես ավարտական միջոցառում, այլև որպես համալսարանական կարևոր ավանդույթ»։

Շեշտելով, որ յուրաքանչյուր նման օր ունի իր առանձնահատուկ բովանդակությունը, ԵՊՀ ռեկտորն ընդգծեց. «Թեև առաջին հայացքից ամեն ինչ կարծես կրկնվում է՝ նույն բակը, նույն հանդիսավոր պահը, նույն հուզմունքը, սակայն ամեն անգամ այստեղ են նոր շրջանավարտներ՝ իրենց պատմությամբ և նոր սպասումներով»։

Ռեկտորը առանձնահատուկ ուշադրություն դարձրեց համալսարանական կրթության իմաստին՝ նշելով, որ այն միայն գիտելիքի փոխանցում չէ։

«Համալսարանը այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է մտածող մարդը՝ մարդ, որը կարողանում է տեսնել երևույթների խորքը, տարբերել մնայուն արժեքները ժամանակավորից և գործել պատասխանատվությամբ»,- մատնանշեց նա։

Անդրադառնալով արագ փոփոխվող աշխարհին՝ ռեկտորն ընդգծեց. «Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գիտությունը զարգանում է աննախադեպ արագությամբ, իսկ տեխնոլոգիաները փոխում են մասնագիտությունների բնույթը։ Այդ պայմաններում ամենակարևոր հարցը դառնում է հետևյալը՝ ինչպե՞ս ենք օգտագործում մեր գիտելիքը և մեր հնարավորությունները»։

Շրջանավարտներին ուղղված խոսքում միջոցառման հիմնական բանախոս, «ԱրարատԲանկի» խորհրդի անդամ, Սինգապուրի հասարակական գիտությունների համալսարանի բլոկչեյնի և ֆինանսական տեխնոլոգիաների գիտական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը նշեց, որ այս օրը ոչ միայն ձեռքբերումների ամփոփման, այլև նոր հնարավորությունների մեկնարկի խորհրդանիշ է։ Նրա խոսքով՝ երիտասարդներին սպասում են թե՛ մարտահրավերներ, թե՛ աննախադեպ հնարավորություններ, հատկապես մի ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունն ու տեխնոլոգիական զարգացումները վերափոխում են աշխարհի տնտեսություններն ու մասնագիտությունները։

Խոսելով հաջողության ճանապարհի մասին՝ նա ընդգծեց, որ ապագան պայմանավորված չէ միայն նախապես կազմված ծրագրերով։ Որպես օրինակ նա ներկայացրեց համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատերերի պատմություններ՝ նշելով, որ հաճախ մեծ հաջողությունները ծնվում են համառությունից, աշխատասիրությունից և սեփական հնարավորությունների նկատմամբ հավատից։ Արմեն Հարությունյանը մատնանշեց՝ ոչ ոք չի կարող սահմանել մարդու հնարավորությունների սահմանները, և յուրաքանչյուր երիտասարդ ինքն է կերտում իր ապագան։

Այնուհետև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտները ստացան իրենց ավարտական վկայականները։ Բացի դրանից՝ «ԱրարատԲանկի» կողմից յուրաքանչյուր շրջանավարտ ստացավ «Claude» արհեստական բանականության հարթակի եռամսյա անվճար բաժանորդագրություն՝ որպես խրախուսանք նոր գիտելիքներ ձեռք բերելու, զարգանալու և ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորություններից առավել արդյունավետ օգտվելու ճանապարհին։

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ երեկոյի ամենահանդիսավոր՝ շրջանավարտների գլխարկների նետման արարողությունը։

ԵՊՀ շրջանավարտների օրը շարունակվեց տոնական համերգով, որի ժամանակ կատարումներով հանդես եկան «By the Way band»-ը, «D’Litte»-ը և «YereOne project»-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews