ԳլխավորԼուր

Վարորդական իրավունք ստանալու համար ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. քննարկում ՆԳՆ-ում

Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։

Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։

Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել են ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews