ԳլխավորԼուր

Հաստատվել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանաշնորհման նոր կարգը

Մագիստրատուրա, ասպիրանտուրա

ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառության կազմակերպման և գիտական աստիճանի շնորհման նոր կարգը՝ սահմանելով ընդունելության ընդհանրական պահանջները, ուսումնառության կազմակերպման ընդհանուր պահանջները, գիտական աստիճանի շնորհման չափանիշներն ու ընթացակարգը, ինչպես նաև երրորդ մակարդակի կրթական ծրագրերով շնորհվող որակավորումները հավաստող դիպլոմներին (այդ թվում՝ համատեղ կամ կրկնակի որակավորման) և դրանց հավելվածներին ներկայացվող պահանջները։

Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Դոկտորական կրթությանը վերաբերող նոր կարգավորումների ընդունումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի կիրարկման և վերջինով նախատեսված բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի ներդրման առանցքային քայլերից է։ Այն միաժամանակ բխում է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով նախատեսված՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի արդիականացման, նախկինում գործող երկաստիճան համակարգին գիտական միաստիճան՝ PhD համակարգին անցման և դոկտորական ծրագրերի բարելավման նպատակներից։

Իրավական ակտի հիմքում բարձրագույն կրթության երրորդ մակարդակը որպես ամբողջական դոկտորական կրթական և հետազոտական ծրագիր դիտարկելու մոտեցումն է, որի ավարտին ատենախոսության պաշտպանության դրական արդյունքով շնորհվում է դոկտորի որակավորում (PhD)։ Միաժամանակ, միջազգային չափանիշներին համապատասխան կրթական միջավայր ապահովելու նպատակով՝ բարձրագույն կրթության երրորդ մակարդակի համար ևս օրենքով ամրագրվել է կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացների  պարտադիր բնույթը:

Այսպիսով, նախկինում առանձին իրավական ակտերով կարգավորվող ասպիրանտուրայի ընդունելությունը և ուսումնառությունը մի կողմից, և գիտական աստիճանաշնորհումը՝ մյուս կողմից, միավորվում են մեկ ընդհանուր իրավական շրջանակում։

Նպատակն է դոկտորական կրթության ամբողջ գործընթացի համար՝ ընդունելությունից և հետազոտական աշխատանքի կազմակերպումից մինչև ատենախոսության պաշտպանությունն ու որակավորման շնորհումը, սահմանել փոխկապակցված, չափելի և թափանցիկ պահանջներ։

Մասնավորապես՝ ակնկալվում է, որ դոկտորական կրթության միասնական նոր համակարգը կապահովի․

  • ընդունելության, ուսումնառության և աստիճանի շնորհման գործընթացների հստակեցումը,
  • Հայաստանի դոկտորական կրթության համադրելիությունը Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող մոդելներին,
  • միջազգային մրցունակության բարձրացումը՝ աստիճանաշնորհման չափանիշներում ներառելով նաև միջազգային հրապարակումների պահանջը,
  • գիտական աստիճանի շնորհման գործընթացի արդիականացումը՝ որակական և բովանդակային չափանիշների վրա հիմնված գործիքակազմի ներդրմամբ։

Ասպիրանտական համակարգից բարձրագույն կրթության երրորդ մակարդակի անցում

Գիտական աստիճանաշնորհման ոլորտը կարգավորող նախկին օրենսդրությամբ Հայաստանում նախատեսված էին գիտության թեկնածուի և գիտության դոկտորի երկու գիտական աստիճաններ։ Նոր օրենսդրությամբ ներդրվում է բարձրագույն կրթության եռաստիճան կառուցվածքին համապատասխան միաստիճան դոկտորական մոդել՝ բակալավր, մագիստրոս և դոկտոր (PhD)։

Փոփոխության էությունը միայն գիտական աստիճանի անվանումը չէ։ Դոկտորական կրթությունն այլևս չի դիտարկվում որպես բարձրագույն կրթությունից հետո գործող առանձին «հետբուհական» համակարգ, այլ դառնում է բարձրագույն կրթության լիարժեք երրորդ մակարդակ՝ իր կրթական ծրագրով, ուսումնառության վերջնարդյունքներով, հետազոտական բաղադրիչով և որակի ապահովման պահանջներով։

Այս մոտեցումը համապատասխանում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում ձևավորված մոդելին, Բոլոնիայի գործընթացին և դոկտորական կրթությանը վերաբերող Զալցբուրգյան սկզբունքներին։ Դրանց տրամաբանությամբ դոկտորական կրթության առանցքը ինքնուրույն գիտական հետազոտությունն է, իսկ ծրագրի տարբեր փուլերում պետք է գործեն հետազոտության որակի գնահատման և բարելավման հստակ մեխանիզմներ։

Ի՞նչն է փոխվում կրթական երրորդ մակարդակում ուսումնառության և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգում

Նոր կարգավորումները նախատեսում են մի շարք բովանդակային փոփոխություններ։ Մասնավորապես՝

  • դոկտորական կրթությունը դառնում է լիցենզավորվող բարձրագույն կրթական ծրագիր,
  • օտար լեզվի իմացության որակավորումը՝ ոչ թե ընդունելության, այլ ատենախոսության պաշտպանության գործընթացի մեկնարկի նախապայման,
  • ավելի մեծ նշանակություն է տրվում հետազոտական նախագծին և գիտական ղեկավարի ընտրությանը,
  • ուսումնառությունը դառնում է ավելի ճկուն,
  • բարձրացվում են գիտական արդյունքին և աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցներին ներկայացվող որակական պահանջները,
  • գիտական աստիճան շնորհող առանձին մասնագիտական խորհուրդների ձևավորում,
  • ընդլայնվում է միջազգային գիտական համագործակցությունը,
  • գործող կարգերն ուժը կորցրած կճանաչվեն․ նախատեսված է անցումային ժամանակահատված:

Մինչև 2030 թվականն անցումային դրույթներ են սահմանվել նաև գիտական հրապարակումներին ներկայացվող նոր պահանջների նկատմամբ՝ հայագիտության, հումանիտար, հասարակական և ռազմական գիտությունների մասնագիտությունների համար։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews