ԳլխավորԼուր

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին կձերբակալվի. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի շենքը

2026 թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ, հայտնում են ՔԿ-ից։

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերի 30-ին Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews