Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Գրքի երևանյան 9-րդ փառատոնի թեման լեզուն է՝ որպես քաղաքակրթության հիշողությունը ամբարող և փոխանցող միակ երևույթ։
«Փառատոնը տարեցտարի զարգանում է, ապրում իր սեփական կյանքով՝ ընդլայնելով սահմաններն ու աշխարհագրությունը, բերելով նոր համագործակցություններ, որոնք նպաստում են նոր շուկաների նվաճմանը: Փառատոնը մեզ համար նաև ընթերցանության կարևորությունն ընդգծելու հրաշալի հնարավորություն է, հատկապես որ ԿԳՄՍ նախարարությունն այս ուսումնական տարին հայտարարել է Ընթերցանության տարի, որը մեկնարկում ենք Գրքի Երևանյան միջազգային փառատոնով։ Ժամեր առաջ այս դահլիճում քննարկել ենք՝ ինչպես խթանել ընթերցանությունը դպրոցում»,- ողջույնի խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Հայաստանը մասնակցում է սովորողների գնահատման Պիզա (PISA) միջազգային ծրագրին, որով չափվում է 15 տարեկանների ընթերցանության որակը․ հետազոտության արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում։ Այն, ըստ նախարարի, կտա ելակետային տվյալներ՝ հասկանալու անելիքներն ընթերցանությունը զարգացնելու ուղղությամբ։
Անդրեասյանն առանձնակի կարևորել է փառատոնի անցկացումը մարզերում՝ որպես շարունակական քաղաքականություն․ նախորդ տարվա փորձը ցույց է տվել, որ թե՛ Գյումրիում, թե՛ Կապանում փառատոնը սպասված էր: Այս տարի փառատոնը կհյուրընկալվի Մեղրիում՝ որպես 2026 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հակիրճ ներկայացրել է փառատոնի վերջին 3 տարիների ձեռքբերումները: Ըստ այդմ՝ փառատոնը դարձել է միջազգային՝ ընդգրկվելով Վերսոպոլիս համաեվրոպական պոեզիայի հարթակում։
Փառատոնի շրջանակում մեկնարկել է նաև հրատարակիչների Fellowship ծրագիրը, կատարվել է գրական մրցույթների համակարգի փոփոխություն․ հանրապետական գրական մրցույթը դարձել է անանուն։ Ստեղծագործությունները ներկայացվում են բացառապես կոդավորված համակարգով՝ հնարավորինս բացառելով հեղինակի ինքնության ազդեցությունը գնահատման վրա։
Բացման արարողությանը հաջորդել է Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսը՝ հեղինակի մասնակցությամբ:
Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հանրապետության հրապարակում կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը: Ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում, մասնակցում են գրողներ և հրատարակիչներ 13 երկրից:
Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են շուրջ 60 կազմակերպություններ, գրքերը վաճառվելու են 20-40 տոկոս զեղչով:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










