ԳլխավորԼուր

Հայաստանում ֆրանսիական համալսարանի (UFAR) շուրջ 500 շրջանավարտներ դիպլոմներ ստացան

Հայաստանում ֆրանսիական համալսարանի շուրջ 500 շրջանավարտներ դիպլոմներ ստացան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ներկա է եղել Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեն, գործընկեր համալսարանների ներկայացուցիչներ, դասախոսներ, շրջանավարտներ և հյուրեր։

«Միսաք Մանուշյանի անունը կապված է ազատության, արժանապատվության, մարդկային համերաշխության և հայրենիքի ու արժեքների նկատմամբ նվիրումի գաղափարների հետ։ Նրա կերպարը նաև հայ և ֆրանսիական ժողովուրդների պատմական բարեկամության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշներից է»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը՝ շնորհավորելով  շրջանավարտներին։

Նա կարևորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը ՀՀ բարձրագույն կրթության համակարգում՝ ընդգծելով, որ համալսարանի կրթական մոդելը համադրում է մասնագիտական խոր գիտելիքը, միջազգային փորձը, բազմալեզու կրթական միջավայրը և եվրոպական արժեքները։

Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի ապագան մեծապես պայմանավորված է համալսարաններում ձևավորվող մարդկային ներուժով՝ շեշտելով, որ մեր երկրին անհրաժեշտ են բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, քննադատական և ստեղծագործ մտածողությամբ մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ աշխատել նաև արագ փոփոխվող միջավայրում։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ևս շնորհավորել է շրջանավարտներին՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնումը ոչ միայն ուսումնառության կարևոր փուլի ավարտն է, այլև նոր ճանապարհի սկիզբ։

Անդրադառնալով Միսաք Մանուշյանի անունը կրող շրջանավարտների հոսքին՝ ռեկտորն ընդգծել է, որ նրա կյանքի ուղին քաջության, նվիրումի և պատասխանատվության օրինակ է, իսկ անունը խորհրդանշում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնահատուկ ամուր կապը։

Ողջունելով շրջանավարտներին՝ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն շնորհավորել է ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ձեռք բերած հայկական և ֆրանսիական դիպլոմները լավ հնարավորություն են մասնագիտական հետագա առաջընթացի համար։ Դեսպանը նշել է, որ շրջանավարտներն իրենց հետագա գործունեությամբ դառնալու են ոչ միայն Հայաստանի ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները, այլև Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման մասնակիցները։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի 2025-2026 ուստարվա «Միսաք Մանուշյան» անունը կրող շուրջ 500 շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ընթացքում ստացել են դիպլոմներ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews