ԳլխավորԼուր

ՀՀ բուհերի` միջազգային աղյուսակների թոփ 500-յակում հայտնվելն առայժմ անիրատեսական է. փորձագետ

Վարկանիշ

ՀՀ կրթության մինչև 2030 թվականի ռազմավարության մեջ նշվում է, որ 7 տարի անց Հայաստանի առնվազն 4 բուհ պետք է ընդգրկված լինի  բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում: Մինչդեռ միջազգային հեղինակավոր վարկանիշային աղյուսակներից մեկի` QS World University Rankings-ի հրապարակած վերջին տվյալների համաձայն, որն Usanogh.am-ն ավելի վաղ ներկայացրել է, Հայաստանի բուհերից միայն Երեւանի պետական համալսարանն է ցանկում՝ զբաղեցնելով 1001-1200-րդ տեղերը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այն Ռուս-հայկական համալսարանի հետ զբաղեցնում էր շատ ավելի բարվոք դիրք` 801-1000-րդ:

Բարձրագույն կրթության փորձագետ Միշա Թադևոսյանը Usanogh.am-ի հետ զրույցում նշեց, որ բուհերի ներկայիս կարգավիճակի պարագայում ակնկալել, որ մինչև 2030-ը Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի բուհերի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-յակում, անիրատեսական է.

«Պետք է հաշվի առնել, թե ինչ նախադրյալներ կան դրա համար, և միջնաժամկետ կտրվածքով ինչ գործողություններ են արվում հիմա: Արդյո՞ք բուհերին տրամադրվում են որոշակի ռեսուրսներ ցանկերին համապատասխանելու համար, լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրվո՞ւմ են, օրինակ` միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվելու համար: Ինչպես հայտնի է, տպագրությունը նման ամսագրերում բավական թանկ արժե, և բուհերը, որպես կանոն, միջոցներ չունեն այդ աշխատանքների համար»:

Փորձագետը շեշտում է. «Հիմա քննարկվում է բուհերի խոշորացման հարցը, արդյո՞ք այս երկու ծրագրերը որևէ կերպ միմյանց հետ սինխրոնիզացված են: Եվ մեկ այլ կարևոր խնդիր ևս` հայաստանյան բուհերի հետազոտական պոտենցիալը բավարար չափով զարգացած չէ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար: Արդյոք կա՞ բուհերի հետազոտական պոտենցիալը զարգացնելուն միտված  մեխանիզմ: Մեծ խնդիր է նաև օտար լեզուների իմացության հարցը: Միջազգային հանրույթի հետ հաղորդակցվելու համար դա պարտադիր պայման է, բայց խնդիր է հայաստանյան բուհերի համար»:

Միշա Թադևոսյանի համոզմամբ` մտածել, թե բուհերը սեփական ներուժով կհայտնվեն լավագույն 500-յակում, անիրատեսական է. պետությունը պետք է համապատասխան ֆինանսավորում հատկացնի. «Հետազոտությունների հանրայնացման համար դրա պոտենցիալը պետք է ունենաս, մինչդեռ մեր բուհերի պարագայում միջազգային պոտենցիալն ասացացվում է միայն ուսանողների փոխանակման հետ. հետազոտական բուն պրոցեսը, գիտության ոլորտի համագործակցություները քիչ հանդիպող պրակտիկա են հայկական բուհերում»:

Փորձագետը շեշտեց` բուհերին ֆինանսավորելուց զատ անհրաժեշտ է զարգացնել նաև մարդկային կապիտալը: Նրա խոսքով` եթե պետությունը նախնական աջակցություն ցուցաբերի, բուհերը կարողանան, ասենք, անհրաժեշտ լաբորատորիաներ ունենալ, հետագայում հետազոտություններ անելու, դրանք առևտրայնացնելու և եկամուտ կուտակելու հնարավորություն կունենան:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ