ԳիտությունԳլխավորԼուր

Հաջորդ թիրախը կլինի Մարսը. NASA-ում աշխատող ԵՊՀ շրջանավարտ

Տիեզերական ոլորտի մասնագետ Լերմոնտ Խաչիկյանը ԵՊՀ-ում

«Ակնկալում եմ, որ արդեն 2027 թ. ամռանը կկարողանանք ԵՊՀ առաջին ուսանողի համար կազմակերպել վերապատրաստում JPL-ում»,- ասում է տիեզերական ոլորտի մասնագետ, համակարգերի ճարտարագետ, NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի (JPL) պայմանագրերի տեխնիկական ղեկավար, ԵՊՀ և Կալիֆոռնիայի համալսարանի շրջանավարտ Լերմոնտ Խաչիկյանը։

Նրա հետ ysu. am-ը զրուցել է տիեզերական ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների, Արեգակնային համակարգի ուսումնասիրությունների, տիեզերական ռեսուրսների և հայ ուսանողների՝ միջազգային տիեզերական ծրագրերում ներգրավվելու հնարավորությունների մասին։

— Պարո՛ն Խաչիկյան, Դուք ավարտել եք ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այնուհետև շարունակել կրթությունը Կալիֆոռնիայի պետական համալսարանում՝ ստանալով մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների բակալավրի աստիճան: Ի՞նչը Ձեզ տարավ դեպի տիեզերական ոլորտ:

— Կիրառական մաթեմատիկան լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում։ Տիեզերքն ինձ միշտ հետաքրքրել է, ուստի ժամանակի ընթացքում որոշեցի իմ ստացած գիտելիքները կիրառել տիեզերանավերի նախագծման և շահագործման ոլորտում։

— Դուք աշխատել եք Մարսի և Լուսնի նոր առաքելությունների վրա: Տիեզերական առաքելությունների դեպքում որքանո՞վ է հնարավոր կիրառել նոր, դեռևս չփորձարկված տեխնոլոգիաներ։

— Տիեզերական աշխատանքները սովորաբար շատ ավելի պահպանողական են, քանի որ չստուգված ու չփորձարկված տեխնոլոգիաների դեպքում ռիսկի դիմելու հնարավորություն չունենք: Մենք օգտագործում ենք ապացուցված գիտելիքներ, որոնք ժամանակի ընթացքում մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մարդկության հնարավորություններն ու գիտելիքները:

— Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ԵՊՀ-ի հետ համագործակցելու և ուսանողներին տիեզերական ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ:

— Հայաստանն ունի մեծ ներուժ։ Այսօր աշխատում ենք ԵՊՀ-ի հետ՝ նպատակ ունենալով ուսանողներին հնարավորություն տալու JPL-ում 10-շաբաթյա ամառային վերապատրաստում անցնելու։ Մեր հիմնական նպատակն այն է, որ ուսանողները ձեռք բերեն միջազգային փորձ, վերադառնան Հայաստան և իրենց գիտելիքն օգտագործեն երկրում տիեզերական ոլորտի զարգացման համար։

— Մասնավորապես ո՞ր կրթական ծրագրերի ուսանողներին է սա վերաբերում:

— Ծրագիրը նախատեսված է ոչ միայն ֆիզիկամաթեմատիկական կամ ծրագրավորման ուղղությունների, այլև մեխանիկայի, աստղաֆիզիկայի, երկրաբանության, իրավագիտության, հաշվապահության և բիզնեսի կառավարման ոլորտներում մասնագիտացող ուսանողների համար։

— Ի՞նչ խորհուրդ կտաք ուսանողին, որպեսզի նա կարողանա իր կարիերան սկսել տիեզերական բնագավառում:

— Առաջին հերթին կարևոր են լավ սովորելն ու ընտրած մասնագիտությանը խորապես տիրապետելը: Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձնել արհեստական բանականությանը (ԱԲ), քանի որ այն լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տիեզերական, հետևաբար ԱԲ գործիքներին և հնարավորություններին տիրապետող ուսանողները շատ ավելի մրցունակ կլինեն աշխատաշուկայում, ինչպես նաև JPL-ում աշխատանքի ընդունվելու գործընթացում: Բացի դրանից՝ անգլերենի լավ իմացությունը ևս կարևոր է ամերիկացի մասնագետների հետ արդյունավետ աշխատելու համար։

— Տիեզերական հետազոտություններն ի՞նչ նոր տեղեկություններ են տալիս Արեգակնային համակարգում ջրի և բնական այլ ռեսուրսների առկայության մասին։

— Հաստատվել է մակերևույթից ներքև սառցային վիճակում ջրի առկայությունը. Սատուրնի արբանյակներից մեկի՝ Էնցելադի (Enceladus) վրա նկատվել են ջրային հսկայական գեյզերներ (խոսքը մակերեսին մոտ ջրային շերտերի մասին է), և այդ ջուրը միշտ դուրս է ցայտում:

Մարսի վրա նույնպես ջրի հետքեր են հայտնաբերվել: Ներկայում Մարսի վրա հավաքվել են քարային մի շարք նմուշներ, որոնք ապագայում Երկիր են բերվելու՝ երկրաբանների կողմից ուսումնասիրվելու համար: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ նյութեր են դրանք և որտեղ կարելի է կիրառել:

Լուսնի վրա առկա է Հելիում-3 տեսակի հազվագյուտ գազ, որը հետազոտությունների փուլում է: Օրինակ՝ դրա ընդամենը մի քանի տոննան կարող է ապահովել ԱՄՆ-ի նման խոշոր երկրների ամբողջ տարվա էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ առանց միջուկային վտանգավոր թափոնների:

— Նման հանքարդյունաբերությամբ չե՞նք վնասի Լուսնին:

— Ո՛չ, քանի որ մենք Երկրի վրա ևս հանքարդյունաբերությամբ ենք զբաղվում:

— Մոտ ժամանակներս NASA-ի տիեզերագնացները ո՞ր երկնային մարմնի վրա կիջնեն։

— Շուտով տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա, ինչից հետո հաջորդ թիրախը կլինի Մարսը:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews