Մայիսի 26-ին Երևանի պետական համալսարան է այցելել Պաղեստինի արտաքին գործերի և էմիգրանտների պետնախարար, անվանի պատմաբան Վարսեն Աղաբեկյանը՝ ուղենշելու կողմերի միջև կրթագիտական համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև ամրապնդելու մշակութային կապերը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է համալսարանի գործունեությունը, կրթական ծրագրերը՝ ընդգծելով համալսարանի պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային գործընկերների հետ և ստեղծելու հարթակներ երկխոսության և գիտական համագործակցության համար։
Վարսեն Աղաբեկյանը բարձր է գնահատել Երևանի պետական համալսարանի գիտական ներուժը և կրթական համբավը։ Խոսելով երկու երկրների միջև միջբուհական համագործակցության ամրապնդման մասին՝ նա նշել է, որ փոխանակման ծրագրերը կարևոր դերակատարում ունեն գիտելիքի և փորձի փոխանակման գործում։
Խոսելով կրթական ծրագրերի մանրամասների և հնարավորությունների մասին՝ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը նշել է, որ այս պահին համալսարանում սովորում է Պաղեստինից մեկ ուսանող։ Նա նաև ընդգծել է, որ Պաղեստինի բուհերի ուսանողները հնարավորություն ունեն դիմելու «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» մագիստրոսական կրթական ծրագրին և առցանց ձևաչափով մասնակցելու դասընթացներին, որոնք ամբողջությամբ անցկացվում են անգլերենով։
Հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որձեռք բերված նախնական պայմանավորվածությունները մոտ ապագայում կվերածվեն ծրագրերի ու նախաձեռնությունների։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության երրորդ քարտուղար Արա Մաթևոսյանը։