Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, գործադիրի նիստում զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ին կայացած մրցույթին մասնակցել է մեկ թեկնածու՝ ԵՊՀ գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Մրցույթն անցկացնելու համար հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստին ներկա է եղել հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը։
Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով․ պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Վահագնի Հովհաննիսյանն ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում:
Աննա Բաբաջանյանը նշել է՝ վերընտրված ռեկտորը hինգ տարի ժամկետով կշարունակի ղեկավարել Երևանի պետական համալսարանը՝ բուհի կրթական, գիտական և միջազգային զարգացման գործընթացների առաջմղման նոր առաջնահերթություններով:
Հովհաննես Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ Կառավարության մեծածավալ ներդրումների շնորհիվ ԵՊՀ-ն համալրվել է նորագույն գիտական սարքավորումներով, այդ թվում՝ գերհամակարգչով, ինչի արդյունքում գիտական արդյունքները գրեթե կրկնապատկվել են։ Նրա խոսքով՝ համալսարանի նպատակն է ամրապնդել առաջատար դիրքերը Հայաստանում և դառնալ միջազգային գիտակրթական կենտրոն։
«Մեր առաջնահերթություններն են թվայնացումը, միջազգայնացումը և միջազգային վարկանիշներում դիրքերի բարելավումը։ Կառավարության և QS վարկանիշավորման կազմակերպության միջև կնքված պայմանագրի շրջանակում ակտիվ աշխատանքներ ենք իրականացնում համալսարանի միջազգային դիրքերն ամրապնդելու ուղղությամբ»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



