ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում մայիսի 24-ին տեղի ունեցավ համերգ, որի ընթացքում ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նոր կազմավորված բենդի ներկայացուցիչները «Լավ էլի» և «The Bambir» խմբերի հետ հանդես եկան երաժշտական կատարումներով:
Ֆակուլտետի ուսանողները պնդում են՝ առաջին հայացքից միմյանց հետ այնքան էլ կապ չունեցող երկու ոլորտ՝ մաթեմատիկան ու երաժշտությունը, կարող են միավորվել հենց ԵՊՀ-ում:
Ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Հայկ Հովհաննիսյանը Ysu.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆակուլտետում կան շատ տաղանդավոր ուսանողներ, որոնք արդեն հասցրել են երաժշտության ոլորտում հաջողություններ գրանցել։ «Կարծում եմ՝ սկսնակ տաղանդավոր ուսանողներին նման հարթակներ տրամադրելը շատ կարևոր է, և դա լավագույն մոտիվացիան է»,- նշեց Հ. Հովհաննիսյանը:
Բենդի անդամ ու ֆակուլտետի ուսանողուհի Շուշանիկ Գործունյանը ընդգծեց, որ իրենց՝ սկսնակների համար շատ կարևոր է հրավիրյալ երաժիշտներին լսելն ու նրանց հետ ելույթ ունենալը: Շուշանիկը նաև հավելեց, որ երաժշտությունը, միևնույնն է, սիրելի զբաղմունք է, իսկ մասնագիտությունն ընտրել է վաղուց և աշխատելու է իր մասնագիտությամբ, որովհետև այն մեր օրերում շատ արդիական է:
«Լավ էլի» բենդի վոկալիստ, կիթառահար Մհեր Մանուկյանը նշեց, որ ֆակուլտետի կողմից առաջարկը սիրով են ընդունել։ «Ուսանողներին արդեն ասել եմ, որ շարունակեն ջանասիրությամբ աշխատել ու անպայման կհասնեն հաջողությունների»,- մեզ հետ զրույցում ասաց երաժիշտը։
«The Bambir» խմբի վոկալիստ Նարեկ Բարսեղյանը ասաց. «Երաժշտությունն ինքնին ճշգրիտ արվեստ է ու շատ նման մաթեմատիկային։ Առաջին հայացքից կարծես նրանք միմյանց հետ կապ չունեն, բայց իրականում այդպես չէ: Երբ իմացանք, որ ուսանողները նույնպես երգ են պատրաստել, որոշեցինք որ անպայման պիտի միասին երգենք: Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի երաժշտական խումբը դարձավ համալսարանի մեր ամենասիրելին»:
Հագեցած ծրագրի ընթացքում ներկաները հասցրին վայելել ֆակուլտետի ուսանողների և հյուրերի երաժշտական կատարումները, ունեցան հնարավորություն ուղղելու իրենց հարցերը և միասին հանդես գալու երաժշտական կատարմամբ:
Նշենք, որ հանդիպումը կայացավ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈւԽ մշակույթի և արտաքին կապերի հանձնաժողովների նախաձեռնությամբ: