ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաք. տեղի է ունեցել Կրթական աշխատանքային խմբի առաջին նիստը

Կրթական աշխատանքային խմբի առաջին նիստը

«Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսված՝ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբերի հանդիպումները շարունակվում են։

2024 թվականի մարտի 15-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցավ Կրթական աշխատանքային խմբի առաջին նիստը: Հանդիպմանը մասնակցեցին Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչները։ Ի սկզբանե հանդիպմանը ներկա ոլորտային ներկայացուցիչները միաձայն հաստատեցին Կրթական խմբում աշխատելու իրենց պատրաստակամությունը:

Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնեցին Ակադեմիական քաղաքում կրթական միջավայրի ստեղծման կարևորությունը: Քննարկվեցին նաև հետագա համագործակցության ուղղությունները։

Աշխատանքային խմբի հաջորդ նիստի համար մասնակիցներին առաջարկվեց ներկայացնել ապագա կլաստերի կառուցվածքի հետ կապված առաջարկություններ:

Հավելենք՝ Հայաստանում նախատեսված են բուհական կրթության 6 ուղղություններ՝ Արվեստների, Կրթական, Բժշկական, Դասական, Տեխնոլոգիական, Սպայական։

«Կրթական» ուղղության մեջ կմտնեն Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տեղի էր ունեցել Արվեստների աշխատանքային խմբի առաջին նիստը։