ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ներկայացուցիչներին ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը բուհական և գիտական համայնքների ակտիվ մասնակցությունը՝ նրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում դրանք հաշվի առնելու նպատակով:
«Ակադեմիական քաղաքը Կառավարության ամենամեծ ծրագրերից է, որի նպատակն է էապես բարելավել բարձրագույն կրթության կազմակերպման, հետազոտական և գիտական աշխատանքների պայմանները: Այսօր արդեն ակադեմիական քաղաքի հատակագծի մշակման փուլում ենք և զուգահեռաբար փորձում ենք դրան համադրել բովանդակային աշխատանքների շղթան»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պլանավորումն ու դրան զուգահեռ՝ փոփոխություններին պատրաստ լինելու ճկունությունը. «Նման մեծ ծրագրեր սկսելիս բոլորս բազմաթիվ հարցեր ենք ունենում, ինչը բնական է: Դրանք ցույց են տալիս պատասխաններ գտնելու ճանապարհները և օգնում, որ ավելի հստակ պատկերացնենք այն վերջնարդյունքը, որին ձգտում ենք: Ոլորտում փոփոխությունների կարիքն այսօր հրամայական է. դրանք պետք է իրականացնենք գիտակցված և համատեղ ուժերով: Աշխատանքը մեզնից պահանջելու է համբերատարություն, բայց արդյունքը, որը ստանալու ենք, լինելու է ավելին, քան ներդրվող ջանքերն են»:
Նախարարի խոսքով՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախագծումն իրականացվում է գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության հետ համագործակցությամբ, որը ոլորտում հեղինակավոր և փորձառու կազմակերպություն է:
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հավելել է, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրին նվիրված բովանդակային քննարկումները շարունակական են լինելու: Ծրագրի շահառուների ընդլայնված շրջանակի հետ առաջին հանդիպումը հատկանշական է նրանով, որ վերաբերում է հենց գլխավոր հատակագծի նախագծի քննարկմանը, ինչը կօգնի ներկաներին ավելի լավ պատկերացում կազմել կառուցվելիք քաղաքի մասին և ավելի առարկայական հարցեր առաջադրել։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ նախագծի ճարտարապետական բաղադրիչին զուգահեռ աշխատանքներ են տարվում նաև հողային իրավունքի հետ կապված հարցերի կարգավորման, ակադեմիական քաղաքի գործընկեր հանդիսացող միջազգային առաջատար բուհերի և կազմակերպությունների հետ հուշագրերի կնքման, բովանդակության մշակման, կառավարչական մոդելի մշակման և բուհերի խոշորացման հայեցակարգի ուղղությամբ։
Հաջորդիվ gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկաներին ներկայացրել է գլխավոր հատակագծի մանրամասները՝ անդրադարձ կատարելով տեղադիրքի ընտրության նպատակահարմարությանը, շահառուների կարիքները վերհանելուն ուղղված հանդիպումների արդյունքներին, հայաստանյան պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցին և գերմանական համանման ծրագրերին ծանոթացմանը։
«Ծրագիրը մեծ նշանակություն կունենա ոչ միայն Երևանի և շրջակա համայնքների, այլև ողջ հանրապետության համար՝ կարևորվելով ոչ միայն իր ճարտարապետական բաղադրիչով, այլև էական դրական ազդեցություն թողնելով երկրի ողջ ակադեմիական համակարգի վրա»,- նշել է Թոբիաս Քեյլը՝ հավելելով, որ Գերմանիայի բուհերն ու գիտահետազոտական կազմակերպություններն արդեն իսկ անցել են նմանատիպ գործընթացի միջով՝ քաղաքներում ընդլայնվելու անհնարինության պատճառով լավագույն ինստիտուտները տեղափոխելով արվարձաններ։
Այնուհետև Թոբիաս Քեյլը մանրամասնել է նախագծահաշվարկային աշխատանքները՝ ներկայացնելով տեղադիրքի և դրա ենթակառուցվածքների առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները, կառուցվելիք հիմնական մասնաշենքի, կլաստերների, մարզադաշտի, համերգասրահի, կանաչ և հանգստյան գոտիների, բնակելի հատվածի տեղակայման հարմարավետությունը։
Ծրագրի հիմնական մարտահրավերների համատեքստում Թոբիաս Քեյլը նշել է քաղաքի բնակիչների և այցելուների համար տրանսպորտային հասանելիության ապահովման հիմնախնդիրը, որը պետք է ապահովի քաղաքի բնականոն գործունեությունը։
Անդրադառնալով ծրագրի շարունակականությանը՝ Թոբիաս Քեյլը նշել է, որ ընկերության նպատակներից է «Ակադեմիական քաղաք» նախագիծն օրինակելի դարձնել ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային մակարդակով։
Հանդիպման վերջում ներկաները հնարավորություն են ունեցել հղելու իրենց հուզող հարցերը և ստանալու պարզաբանումներ։ Հարցերը վերաբերել են որոշ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների գործունեությանը, տարաբովանդակ կլաստերների և սպորտային ու մշակութային համալիրների մեկտեղմանը, տեղադիրքի ընտրության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերի գնահատմանը, ծրագրի իրականացման արժեքին, ժամկետներին, բնակիչ-շահառուների նախատեսվող թվին և այլ խնդիրների: