ԳլխավորԼուր

Վաշինգտոնում անկարգությունների զոհ է դարձել 4 մարդ

Բողոքի ակցիա՝ ԱՄՆ կոնգրեսի մոտ

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում երեկ տեղի ունեցած անկարգությունների զոհ է դարձել 4 մարդ, տեղեկացրել է տեղի ոստիկանապետ Ռոբերտ Կոնտին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Առնվազն 14 ոստիկան վիրավորվել է, նրանցից 2-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Բերման է ենթարկվել 52 մարդ՝ ապօրինի զենք կրելու, մեծ մասը՝ մայրաքաղաքային Կոլումբիա նահանգում հայտարարված պարետային ժամը խախտելու համար։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են կոնգրեսի շենք, որտեղ 2 պալատների համատեղ նիստն էր ընթանում՝ նախագահական ընտրությունների արդյունքները հաստատելու օրակարգով։

Ուժայիններն արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել, ու մի քանի ժամից ազատել են շենքը ցուցարարներից։ Թրամփը հանրահավաքի ժամանակ կողմնակիցներին կոչ էր արել գնալ Կապիտոլիում, որտեղ կոնգրեսի շենքն է, բայց անկարգություններից հետո խնդրեց բոլորին տուն գնալ։

ԱՄՆ նախագահական ընտրություններն անց են կացվել 2020-ի  նոյեմբերի 3-ին։ Հաղթել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը՝ ստանալով ընտրիչների 306 ձայն։ Թրամփը ստացել է 232 ձայն, բայց չի ընդունում պարտությունը։

Ի դեպ, վերջին անգամ կոնգրեսի շենք ներխուժել էին բրիտանացիները՝ 1814 թվականի անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ։

ԱՄՆ կոնգրես

Comment here