ԳլխավորԽճանկար

Արսեն Հարությունյան. «Այնպիսի սպորտ եմ ընտրել, որ դժվարությունն ու հիասթափությունը միշտ կան»

Արսեն Հարությունյան

Ընկերասեր, հավատարիմ, նվիրվող. ահա այսպես է իրեն բնութագրում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որի համար 2021 թվականը, ինչպես ինքն է փաստում, հետաքրքիր տարի էր՝ լի դժվարություններով, պարտություններով և հաղթանակներով: Ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության անդրադարձը։

22-ամյա ըմբիշն ասում է՝ շատ մեծ փորձ է ձեռք բերել ու դասեր քաղել թույլ տված սխալներից, բայց ամենակարևորն այն է, որ իրականացրել է երազանքներից մեկն ու դարձել աշխարհի չեմպիոն:

Այդուհանդերձ, շատ նպատակներ ու երազանքներ կան, որ դեռ չեն իրականացել. «Ես դեռ շատ երիտասարդ եմ, հավատում եմ, որ կարող եմ հասնել իմ երազանքներին: Դրանք օրուգիշեր մտքումս են ու դրանց մասին երբեք չեմ մոռանում»:

Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները սպորտային 2022-ին նախապատրաստությունը սկսել են հունվարի 9-ից՝ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելով Ծաղկաձորում.

«Նախապատրաստվում ենք Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Ամեն ինչ անում եմ, որ լավագույն մարզավիճակում լինեմ այդ երկու մրցումների ժամանակ: Հավատում եմ իմ մարզիչներին, լսում եմ նրանց հրահանգները, որպեսզի կարողանամ հասնել նպատակներիս: Առանց նրանց ես ոչնչի չեմ կարողանա հասնել»:

Ի դեպ, ծաղկաձորյան հավաքին մասնակցում են նաև Արսենի երկու եղբայրները.

«Բազմազավակ ընտանիքում մեծանալը հիանալի է: Ունեմ 4 եղբայր և մեկ քույր: Այս պահին երեք եղբայրներով հավաքի մեջ ենք ու իրար օգնելով՝ մարզվում ենք: Փոքր եղբայրս շատ տաղանդավոր է և շատ աշխատասեր: Տարիներ հետո նրա մասին շատ կխոսվի: Ես հավատում եմ, որ նա կարող է Եվրոպայի, աշխարհի և, ինչու ոչ, օլիմպիական չեմպիոն դառնալ: 11 տարեկան է, բայց արդեն մեզ հետ հավաքի է մասնակցում Ծաղկաձորում և մեզ չի զիջում իր մարզումներով»:

Հարությունյանը դեկտեմբերին կայացած Հայաստանի առաջնությունը բաց թողեց աչքի վիրահատության պատճառով: Հատկանշական է՝ 61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճեց նրա եղբայրը՝ Նորիկ Հարությունյանը.

«Նրա համար շատ ուրախ եմ: Ինձ համար տարբերություն չկա, թե մեզնից ով կներկայացնի Հայաստանը միջազգային մրցումների ժամանակ, ինչպես մարզիչը որոշի, այդպես էլ կանենք: Նորիկն այս տարի կմասնակցի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, իսկ ես՝ մեծահասակների»:

Արսենը մարզական ընտանիքում է ծնվել, իսկ ըմբշամարտւմ առաջին քայլերն արել է հոր ուղեկցությամբ. «Հայրս մարզադպրոց ունի, որտեղ մարզում են տարբեր սպորտաձևերում: Առաջին անգամ հայրս ինձ տարավ ըմբշամարտի, և առաջին իսկ մարզումից այն շատ սիրեցի: Շնորհակալ եմ հայրիկիս, որ ինձ ուղղորդեց զբաղվելու «ճիշտ» մարզաձևով: Ըմբշամարտն իմ կյանքն է, ես ապրում եմ ըմբշամարտով, ու իմ ամեն գործողություն կապված է ըմբշամարտի հետ»:

Արսեն Հարությունյանը խոստովանում է՝ ըմբշամարտն իրեն շատ բան է տվել, սովորեցրել է դիմանալ դժվարություններին, ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր կատարել, շուտ կողմնորոշվել ու նաև մեծ շրջապատ ու հիանալի ընկերներ է պարգևել:

Հագեցած մարզումային և մրցումային գրաֆիկի պայմաններում չի ստացվում ընկերներին ու ընտանիքին շատ ժամանակ հատկացնել. «Սիրում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, որովհետև շատ քիչ եմ այդպիսի հնարավորություն ունենում. անընդհատ մարզումային փուլում եմ:

Կյանքիս ամենակարևոր մարդիկ իմ ընտանիքի անդամներն են, ընկերներս, մարզիչներս ու նշանածս, որը միշտ կողքիս է, մարզումների ու մրցումների ժամանակ շատ է օգնում ինձ: Հաղթանակներս հիմնականում նրանց եմ նվիրում»:

Մի առիթով Արսենը նշել էր՝ կյանքը լի է շրջադարձերով ու փակուղիներով, փորձություններով ու տարաբնույթ դժվարություններով:

Հաղթելու համար պետք է մարտնչել, նպատակին հասնելու համար երբեք չպետք է հանձնվել: Ասում է՝ իր երազանքներն ու նպատակներն իրեն չեն թողնում, որ հանձնվի, ամեն վայրկյան իր մտքում են, ու հենց դա է ստիպում պայքարել.

«Ես այնպիսի սպորտ եմ ընտրել, որ դժվարությունն ու հիասթափությունը միշտ կան, բայց կարողանում եմ ճիշտ ուղու վրա լինել իմ մարզիչների օգնությամբ»:

Արսենը հաճախ է բարեգործական ակցիաների մասնակցում. ասում է՝ դեռ շատ բան է անելու իր երկրի ու ազգի համար:

Տարեվերջին հայտարարեց՝ մտադիր է բարեգործության ուղղել այն բոլոր հավելավճարները, որ պետության կողմից ստացել էր աշխարհի՝ մինչև 23 տարեկանների չեմպիոն դառնալու կապակցությամբ. 22-ամյա ըմբիշը տոնածառ էր գնել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի համար.

«Ամեն տարի մի բան անում եմ. այս տարի որոշեցի ծննդավայրիս բնակիչներին այդպես ուրախացնել: Ինձ համար շատ ուրախալի էր երեխաների ոգևորությունն ու ժպիտները տեսնելը: Ինձ համար դա մեծ հաղթանակ էր: Դեռ շատ բաներ եմ անելու իմ ազգի համար»:

Բլից հարցեր

• Եթե ոչ ըմբշամարտ, ապա — բիզնես,
• Գիրք, թե ֆիլմ – ֆիլմ,
• Սիրած ֆիլմը – «Կարիբյան ծովի ծովահենները»,
• Սիրած երաժշտական ոճը / երգիչը – դասական երաժշտություն,
• Լեռ, թե ծով – լեռ,
• Սիրած ուտեստը – ձկան խորոված,
• Սիրած զբաղմունքը – մոտոցիկլ վարել,
• Սիրելի մարզիկը – Բեսիկ Կուդուխով,
• Սիրած երկիրը/քաղաքը – Իտալիա, Հռոմ,
• 3 սկզբունք, որով առաջնորդվում է կյանքում – հավատք, փոխադարձ վստահություն, երբեք չհանձնվել: