ԳլխավորԼուր

«Քրիստոս հարյավ ի մեռելոց». Սուրբ Զատիկ է

Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:

Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: