Ավելի լուրջԳլխավորԽոսք

Իսկ Եռաբլուրում էլ տեղ չկա

Եռաբլուր

44 օր «հաղթելու ենք», «հաղթել ենք» «Կուրի այն կողմն ենք հասել», «սենց շարունակեն՝ Բաքու էլ կմտնենք» ֆեյսբուքա-ինստագրամային, հեռուստատեսա-պաշտոնական դատարկ ու անհիմն պաթոսից հետո 45-րդ օրը շատ հանկարծ իմացանք, որ դե գիտեք, չնայած մեր բոլոր ջանքերին, մեր տղաների հերոսությանը, մեր կառավարիչների տիեզերական իմաստնությանը՝ պարտվել ենք։ Ու ոչ միայն պարտվել ենք, այլ նույնիսկ չէինք էլ հաղթում։ Ավելի պարզ՝ խաբել ենք քեզ, ժողովուրդ՝ իրական կամ ֆեյքային, տանտիկին թե գործարար, հավատացյալ թե աթեիստ… Խաբել ենք նաեւ քեզ, զինվոր, խաբել ու մենակ ենք թողել։

Զինվորին ու բանակին։

Բոլորս։

Ու պատերազմից դեռ շատ առաջ, երբ չհասկացանք կամ չաղլիկ պաշտոնի կամ պարգեւավճարի, նախկին չպիտակավորվելու կամ ներկա-ապագայում ոտքը պնդացնելու դիմաց չհասկանալու տվեցինք, երբ կուրացանք կամ կույր ձեւացանք՝ չուզենալով տեսնել, թե ուր է գլորվում երկիրը, որտեղ 3 մլնից էլ քիչ մարդ է ապրում, որի կեսը՝ մեկ քաղաքում։

Բանակին ու զինվորին լքեցինք մարտադաշտում՝ բայրաքթարների դեմ-հանդիման՝ մի «Կալաշնիկով» կամ թեկուզ մի  հրանոթ տալով, հաճախ՝ անհրամանատար եւ անուղի թողնելով արդեն այն ժամանակ, երբ սուտը, խաբեությունը, աչքակապությունը, զազրախոսությունը, հայհոյանքը մտան մեր տները՝ համակարգչից, հեռախոսից ու հեռուստաէկրաններից, երբ սկսեցինք նույն տան մեջ իրար ուտել մենակ էն բանի համար, որ մեկիս համար ներկա իշխանավորներն ընդամենը թյուրիմացություն էին, իսկ մյուսների համար՝ նախկինները՝ միայն թալանչի։

Երբ դալտոնիկի պես բոլորս բաժանվեցինք միայն սեւի ու սպիտակի, ու ամեն ինչ արվեց, որ մենք իրար կոկորդ կրծենք-զբաղվենք՝ մինչեւ մեր սրբավայրերի վրա թուրքական ագահ ու դաժան թաթն էր դանդաղ իջնում։

Երբ անմիտի պես մեզ բոլորից խելացի ու վարչապետացու համարեցինք, երբ երկակի ստանդարտներից սկսեցինք նույնիսկ չզարմանալ, երբ Վեհարան ներխուժեցինք՝ քաբաբ ուտելու, երբ փողոց փակեցինք՝ լավի հույսով, ու հիմա, երբ մեկ-մեկ փողոց ենք փակում՝ էլ ոչ մի հույս չունենալով։

Բանակին ու զինվորին մենակ թողեցինք, երբ կամավորը չսրբացավ մեր աչքին, երբ նույնիսկ պատերազմը չկարողացավ միավորել 3 մլնից էլ պակաս մարդկանց՝ կեսը՝ մեկ քաղաքում, երբ չարությունից դեղնած դեմքով ու թքոտ բերանով հողին հավասարեցրինք նախորդ բոլոր տարիների ձեռքբերումները, որովհետեւ մեր նոր ժամանակակետի՝ թ.հ.ա. էին, ոչ թե թ.հ.հ։

Երբ հասարակության աչքին ոչ մի գեներալ չմնաց, որ թալանչու պատմուճան չհագցնենք, երբ դատում էինք՝ միայն դատելու համար, երբ ձեւը դրեցինք գլխներիս՝ բովանդակությունը կատաղի ոտնակոխ անելով։

Երբ սուտը դարձավ «ճշտով», իսկ ճիշտը՝ անմիտ անորոշություն։

Բանակին բոլորս մենակ թողեցինք, իսկ հիմա նեղվում ենք, թե Եռաբլուրում էլ տեղ չկա։

Այսօր մեր բանակի օրն է։ Բոլորիցս լքված բանակի։

Չմոռանաք սիրուն կենացներ խմել։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here