ԳլխավորԼուրՇոուբիզնես

«Եվրատեսիլ-2023»-ում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթը, որի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը` «Tattoo» երգով. նա ստացավ 583 միավոր։

Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու երկրորդ մասնակիցը մրցույթի պատմության մեջ, որ երկրորդ անգամ հաղթում է այն։

Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին «Euporia» երգով։

Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։

Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։

Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։

Բրյունետը 1-ական միավոր ստացավ Լատվիայից, Ավստրիայից, Լեհաստանից, 2 միավոր՝ Մոլդովայից, 3-ական միավոր՝ Էստոնիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, 4 միավոր՝ Կիպրոսից, 5-ական միավոր՝ Իտալիայից ու Շվեյցարիայից, 6 միավոր՝ Իռլանդիայից, 7 միավոր՝ Ֆրանսիայից, 8 միավոր՝ Չեխիայից, 10-ական միավոր՝ Վրաստանից ու Ալբանիայից:

Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները հայտարարեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթողը՝ Հայաստանի պատվիրակ Մալենան:  Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսրայելին:

Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։