ԳլխավորԼուր

Սեզոնը սկսվեց. առաջին գնացքը Երևանից մեկնեց Բաթումի

Հունիսի 14-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով փոխադրումների ամառային սեզոնը։ Այս սեզոնին առաջին գնացքի ուղեւորներն էին նաև ընկերության ղեկավարությունը ՝ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի գլխավորությամբ:

«Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք ամառային փոխադրումների սեզոնին ՝ քաղաքացիներին և մեր երկիր այցելած հյուրերին առավելագույնս որակյալ ծառայություններ մատուցելու համար։ Ժամանակակից շարժակազմը, ծառայությունների մատուցման ժամանակակից մոտեցումը և հարմարավետությունը կբավարարեն մեր ուղևորների ամենաբարձր պահանջները: Այս առումով կարող եմ վստահորեն փաստել, որ հանգստավայր մեկնող քաղաքացիների համար հանգիստը սկսվում է այն պահից, երբ նրանք նստում են մեր ֆիրմային «Արմենիա» գնացքը»,- նշել է Ա.Մելնիկովը գնացքի մեկնման հանդիսավոր արարողության ժամանակ։

Այս տարի, հաշվի առնելով Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ակտիվ ուղևորափոխադրումները, Բաթումի գնացքը շաբաթական երկու ուղերթ կիրականացնի՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին Երևանից, իսկ չորեքշաբթի և շաբաթ օրերին՝ Բաթումիից։ Շաբաթվա մյուս հինգ օրերին գնացքները ուղևորվելու են Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։ Ուղևորությունների արժեքը սկսած 13 հազար դրամից մեկ անձի համար։

Բացի այդ, հունիսի 17-ից Երևան-Սևան-Շորժա-Երևան և հակառակ ուղղությամբ կսկսի գործել մերձքաղաքային էլեկտրագնացքը։ Էլեկտրագնացքը մեկնում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի «Ալմաստ» կայարանից։ Գնացքի չվացուցակը սահմանափակվում է շաբաթական երեք օրով՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի: Ուղեվարձը Երևանից մինչև Սեւան կկազմի 600 դրամ մեկ անձի համար, և 1000 դրամ ՝ մինչեւ Շորժա:

Նշենք, որ այս տարվա առաջին 5 ամիսներին ՀԿԵ-ում ուղևորների թվի աճը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 23% կամ 177 հազար ուղևոր։