ԳլխավորԽճանկար

«Դու ինձ համար փորձանք ես դառնալու». Գրիգոր Արծրունու ծննդյան օրն է

Գրիգոր Արծրունի

Հայ հրապարակախոս, քննադատ, գրական-հասարակական գործիչ, «Մշակ» թերթի հիմնադիր (1872), խմբագիր Գրիգոր Արծրունու ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատված Ալ. Շիրվանզադեի «Կյանքի բովից» հուշագրությունից։

***

Պատմում էին, թե Գրիգոր Արծրունու ծննդյան օրը հայրը, որ պաշտոնաթող գեներալ էր, նայելով նրա երեսին, ասել է.

— Օ՜, դու ինձ համար փորձանք ես դառնալու:

Իրողություն է այս, թե անեկդոտ – չգիտեմ, բայց մի անգամ Արծրունին իր հոր գլխին մի փորձանք բերեց: Թիֆլիսի քաղաքային ինքնավարության ընտրություններն են: Իրավասուների մի խումբ քաղաքագլխի պաշտոնի համար թեկնածու է հայտարարել Արծրունու հորը, ի նկատի ունենալով ոչ այնքան նրա արժանավորություները, որքան նրա գեներալային տիտղոսն ու հարստությունը: Մի ուրիշ խումբ որոշել է ընտրել վրացի Կիպիանուն, որ իրոք մի արժանավոր անձնավորություն էր և որ ապագայում շատ հալածանքներ կրեց ցարական կառավարությունից և մեռավ աքսորավայրում: Այս վերջին խմբի մեջ է լինում և՛ Գրիգորը: Նա ասում է.

— Հայր, եթե դու քվեարկես, գիտցիր, որ ես քեզ սև քվե եմ տալու:

— Չե՛ս համարձակվիլ, թշվառակա՛ն, — գոռում է գեներալը, որ վերին աստիճանի մի կամակոր և անզուսպ մարդ է եղել:

Գիրգոր Արծրունին կատարում է իր սպառնալիքը: Ընտրությունների ժամանակ նա իր ճերմակ քվեն գցում է Կիպիանու տուփի, իսկ սև քվեն` իր հոր տուփի մեջ: Եվ այդ մի հատիկ քվեով Կիպիանին քաղաքագլուխ է ընտրվում:

Այս բանն ինձ պատմել է իր ժամանակին նշանավոր վրացի հրապարակախոս Նիկոլայ Յոկովլևիչ Նիկոլաձեն:

Ընդհանուր առմամբ Գրիգոր Արծրունին արդարամիտ էր թե՛ հրապարակախոսության մեջ և թե իր մասնավոր կյանքում, բայց, լինելով ծայրաստիճան դյուրագրգիռ և տաքարյուն, հաճախ ընկնում էր ինքնամոռացության մեջ և շեղվում արդարադատության շավղից: Նա մերթ ջենտլմեն էր բառիս եվրոպական իմաստով և նրբազգաց, մերթ անհամբերողամիտ էր և բծախնդիր մինչև մանկության աստիճան: Իր հոբելյանի ժամանակ, երբ հոբելյանական հանձնաժողովի մի քանի անդամներ գռեհկաբար հրապարակախոս Սիմեոն Հախումյանին չէին թույլ տվել ճաշկերույթին մասնակցելու, նա ինքն շտապեց կառք նստել՝ գտնելու և վիրավորվածից ներողություն խնդրելու և նրան իր հետ ճաշկերույթին բերելու:

Մի ուրիշ անգամ մի հասարակական բազմամարդ ժողովում իմ ներկայությամբ խոստովանեց իր մի սխալը և արժանացավ իր հակառակորդների ծափահարությանը: Նման դեպքերում Արծրունու թշնամիները չունեին նրա չափ բարոյական քաջություն: Այս դեպքերում նրա սնափառությունը սահման չուներ:

Այսպես, օրինակ, մի անգամ նա չափազանց վիրավորվեց Ավետիք Արասխանյանից, որ գավառներից Թիֆլիս վերադառնալով և իր ճամփորդությունը «Մշակի» խմբագրատանը նկարագրելով, մոռացել էր ասել, թե ինչ մեծ ժողովրդականություն է վայելում այդ լրագիրը գավառներում: Ես ինքս պաղարյուն մարդ չեմ, այլ, ընդհակառակը, շատ անգամ եմ բորբոքվում նույնիսկ ծերությանս հասակում, բայց մի անգամ Արծրունին ինձ գերազանցեց տասնապատիկ: Վիճաբանում էինք Րաֆֆիի մահվան օրերին հանգուցյալի անձնական հատկությունների մասին: Ձայնակցելով տիկին Մարոյի բուռն հարձակումներին և պարսավներին, Արծրունին այնպես բռնկվեց, որ բառի բուն նշանակությամբ թռչկոտում էր մարտնչող աքաղաղի պես: Եվ այդ պահին նրա փոքրիկ մարմինն այնքան կոմիկական էր, որ ես չկարողացա ինձ զսպել և գոչեցի. «Պարոն Արծրունի, ես ձեզ խղճում եմ»: Այս անզգույշ դարձվածի համար ապագայում ես շատ անգամ եմ զղջացել, և Արծրունու մոլեռանդ երկրպագուները շատ են հալածել ինձ, հորինելով, թե իբր թե ես ծաղրել եմ նրա մարմնավոր թերությունը, մի բան, որ երբեք մտքովս չի անցել: