ԳլխավորԼուր

Հարվարդի համալսարանը կառավարությունից նոր դրամաշնորհներ չի ստանա

Հարվարդի համալսարան

ԱՄՆ-ում Հարվարդի համալսարանը կդադարի լինել պետության կողմից ֆինանսավորվող հաստատություն և կառավարությունից նոր դրամաշնորհներ չի ստանա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ կրթության նախարար Լինդա Մաքմահոնը Հարվարդի նախագահ Ալան Գարբերին ուղղված նամակում:

Նախարարը հայտարարել է, որ համալսարանը «ծաղրում է ԱՄՆ-ի բարձրագույն կրթության համակարգը»՝ ուսման հրավիրելով իր տարածքում բռնի գործողություններ կատարող արտասահմանցի ուսանողներին:

«Հարվարդը չպետք է դրամաշնորհներ սպասի դաշնային կառավարությունից, քանի որ դրանք այլևս չեն տրամադրվի։ Հարվարդը կդադարի պետության կողմից ֆինանսավորվող հաստատություն լինելուց», — ասված Է նամակի տեքստում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում՝ Մաքմահոնի էջում:

Նախարարը համալսարանին մեղադրել է օրենքի համակարգված խախտումների, ցածր կրթական չափորոշիչների, ինչպես նաև համալսարանի տարածքում ռասայական խտրականությունը դադարեցնելու մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշմանը չենթարկվելու մեջ: Նա նշել է, որ քանի որ Հարվարդի վարչակազմը չի փոխել իր քաղաքականությունը կառավարության պահանջներին համապատասխան, համալսարանն այլևս նոր դրամաշնորհներ չի ստանա:

Ավելի վաղ ԱՄՆ կրթության նախարարությունը հայտնել էր, որ Հարվարդի համալսարանին զրկում է 2,2 միլիարդ դոլարի պետական ֆինանսավորումից այն բանից հետո, երբ բուհի ղեկավարությունը հրապարակավ մերժել է կադրային և կրթական քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ Սպիտակ տան պահանջները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարց էր բարձրացրել, թե արդյոք Հարվարդը չպետք է բացառվի ուսումնական հաստատությունների համար հարկային արտոնություններից:

Սպիտակ տունն ավելի վաղ ամերիկյան համալսարաններից պահանջել էր ապահովել հրեական ծագում ունեցող ուսանողների պաշտպանությունը՝ սպառնալով կրճատել ֆինանսավորումը: Հակաիսրայելական ակցիաներ են անցկացվում ամերիկյան բուհերում՝ կապված Մերձավոր Արևելքում հակամարտության սրման հետ, որը հաջորդել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի հարձակմանը և Իսրայելի կողմից Գազայի հատվածի հետագա ռմբակոծմանը։