Հռչակագրի տեքստը նախագահ Իլհամ Ալիևի, նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Փաշինյանի հանդիպման արդյունքներով
Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագրի մասին
1. Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը, հանդիպելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում, հայտարարում ենք հետևյալը:
2. Մենք և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ականատես եղանք կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» համաձայնեցված տեքստի նախաստորագրմանը: Այս համատեքստում մենք ընդունեցինք համաձայնագրի ստորագրման և վերջնական վավերացման համար լրացուցիչ միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծեցինք մեր երկրների միջև խաղաղության ապահովման և ամրապնդման կարևորությունը:
3. Մենք ականատես եղանք նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից ԵԱՀԿ-ին Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման մասին համատեղ դիմումի ստորագրմանը: Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետություններին աջակցել այդ որոշմանը։
4. Մենք վերահաստատել ենք հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցության ապահովման նպատակով՝ տարածաշրջանում և նրա հարևանությունում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի վրա։ Այդ ջանքերը նախատեսում են անարգել հաղորդակցություն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև փոխադարձ օգուտներ Հայաստանի Հանրապետության համար՝ միջազգային և ներքին կապերի մասով։
5. Հայաստանի Հանրապետությունը կհամագործակցի Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) տրանսպորտային հաղորդակցության նախագծի շրջանակը սահմանելու նպատակով: Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում:
6. Մենք ընդունում ենք անցյալ հակամարտությունների ժառանգությունից ազատ լուսավոր ապագայի ուղին բռնելը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն: Հակամարտությունից հետո, որը մարդկային խորը տառապանքներ է պատճառել, վերջապես պայմաններ են ստեղծվել մեր պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար՝ միջազգային սահմանների անձեռնմխելիության և տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության հիման վրա։ Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք ենթակա չի լինելու վերանայման, ճանապարհ է բացում մեր պետությունների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ինչպես հիմա, այնպես էլ ապագայում:
7. Մենք վստահություն ենք հայտնում, որ այս գագաթնաժողովը ամուր հիմք կհանդիսանա տարածաշրջանում փոխադարձ հարգանքի և խաղաղության առաջմղման համար:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին այս կարևոր գագաթնաժողովի անցկացման շրջանակներում անկեղծ հյուրընկալության և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման խթանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
Սույն հռչակագիրը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում:



