ԳլխավորԼուր

Մենք բոլորս դժգոհում ենք դպրոցից, բայց… Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեսայանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մենք բոլորս դժգոհում ենք դպրոցից, բայց եկեք հասկանանք՝ ինչի՞ց ենք դժգոհ։ Ինքներս մեզ հարց տվե՞լ ենք։

Եթե ծնող ենք, ինչո՞ւ ենք ամեն առիթով-անառիթ գումար հավաքելու, նվեր կամ քարտ գնելու խոսակցություն սկսում, ո՞րն է նպատակը։

Եթե ծնող ենք, ինչու ենք երեխային ուղարկում պարապելու նույն առարկան իր իսկ ուսուցչի մոտ։ Գիտելի՞ք ենք ակնկալում, թե՞ գնահատական։

Եթե ծնող ենք, ինչո՞ւ ենք անընդհատ հետաքրքրվում և մեր երեխային համեմատում մյուս երեխաների հետ։ Ով քանի տող անգիր ասաց հանդեսին ու ում քանի անգամ են դաս հարցնում։

Եթե ուսուցիչ ենք, ինչպե՞ս ենք գնահատում երեխաներին. ո՞վ է ութի աշակերտը, յոթի, հինգի և այդպես շարունակ. ե՞րբ է սովորողը սկսում դառնալ թիվ։

Եթե ուսուցիչ ենք, ինչու՞ չունենք հնարավորություն և ցանկություն ամեն դասին պատրաստվելու, սովորողի ամեն հարցին պատասխանելու. խնդիրը նյութակա՞նն է, հոգնածությու՞նն է, թղթաբանության ծավա՞լն է, հիասթափությու՞նն է մասնագիտությունից։ Արդյո՞ք գիտենք ամենը, ինչ պահանջվում է՝ ուսուցչի գործը անելու համար։ Կա՞ն իրավիճակներ, որ չենք կարողանում կառավարել, աջակցության կարիք ունենք, մեթոդի և գիտելիքի կարիք ունենք։ Ու երբ ունենք կարիքը, ինքներս մեզ համար ձևակերպու՞մ ենք, գիտե՞նք ում դիմել ու կա՞ աջակցություն։

Եթե տնօրեն ենք, ո՞րն է անելիքը, ինչո՞ւ ենք ընդհանրապես տնօրեն դարձել։ Ի՞նչ էինք ուզում ստանալ ու ինչ է ստացվում։ Ինչո՞ւ։ Միայն իշխանությո՞ւնն էր խնդիրը, թե կրթությունն էլ կապ ունի։ Ինչպե՞ս ենք օգնում ուսուցիչներին, ինչպե՞ս ենք տիրապետում գործընթացի կազմակերպման կանոններին, օգնու՞մ ենք արդյոք սովորողներին, թե՞ խնդիր ենք առաջացնում։

Նախարարությունն էլ ունի իր բազում հարցերը, մյուս մարմիններն էլ։ Բայց մեր կրթության որակը կփոխվի, եթե մենք էս բոլոր ու էլի շատ հարցերի գոնե ինքներս մեզ անկեղծ պատասխանենք»,-գրել է փոխնախարարը։