ԳլխավորԼուր

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն կդատարկվի եւ կընդունի միայն կորոնավիրուսով հիվանդներին

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ զբաղվող բժշակական հաստատություններն են «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։

Այդ մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ  հավելեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը, որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար։

Օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ հաստատություններ:

«Բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքն ու պոլիկլինիկական մասնաշենքերը կշարունակեն իրենց բնականոն աշխատանքը: Դրանք միմյանցից բավականին հեռու են, և ստացիոնար մասնաշենքից որևէ վարակի ներթափանցման վտանգ չկա»,-ասաց նախարարը:

Comment here