ԳլխավորԽճանկար

Իմ կոշիկները միշտ կիսազինվորական են. ռազմական լրագրող Դավիթ Թորոսյան 

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյան

-Դավիթ,  Դուք կրթությամբ լրագրող չեք. ե՞րբ և ինչո՞ւ որոշեցիք, որ պետք է զբաղվեք լրագրությամբ, այն էլ ռազմական ոլորտի լուսաբանմամբ։ 

-Առաջին մասնագիտությունս փիլիսոփայությունն է, երկրորդը` ազգային անվտանգության մասնագետ, որը սերտ կապ ունի ռազմական լրագրության հետ: 2016 թվականի ամռանը հիմնադրել եմ «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպությունը, որը զորամասեր և առաջնագծեր այցելություններ է անում, բանակին է օգնում, և գործ ենք ունենում անվտանգության հետ: Այստեղից էլ առաջացավ ցանկություն զբաղվել ռազմական լրագրությամբ:

-Ի՞նչ հատուկ հմտություններ և գիտելիքներ պետք է ունենա լրագրողը ռազմական ոլորտը լուսաբանելու համար հատկապես պատերազմական իրավիճակներում։

-Ռազմական լրագրողի համար հատկապես Հայաստանում «գիշեր-ցերեկ» չկա: Այն չի ենթարկվում ակադեմիական կանոններին` գնալ, սովորել, ավարտել ու անցնել աշխատանքի: Ռազմական լրագրողը պիտի լինի համարձակ, խիզախ, ունենա շատ ուժեղ կամային հատկանիշներ և ունենա զրո էմոցիա: Ամենակարևոր կետերից է որոշում ընդունելու կարողությունը` համարձակ և պատասխանատու որոշում: Շատ դեպքեր են եղել, երբ պատերազմի դաշտում տվյալ մարդու հետ պայմանավորվել ենք, թե հաջորդ օրը ինչ պիտի անենք, առավոտյան արդեն զոհված է եղել։ Սրանք էմոցիոնալ լուրջ պահեր են, որոնք հաղթահարելը շատ կարևոր է լրագրողի համար: Պատերազմում ոչինչ կանոններով չէ, մենք չգիտենք, թե մի րոպե հետո ինչ կլինի մեզ հետ, և եթե մի պահ էլ անգամ տրվեցիր հույզերիդ ու էմոցիաներիդ, «վառվելու ես» ու չես կարողանալու շարունակել կամ դառնալու ես հակամարտության կողմ: Ես անգամ իմ վիրավորվելը հասցրել եմ նկարել. անօդաչու թռչող սարքի ձայնը լսելուց հետո ես 3-4 վայրկյան ունեի փախչելու, ես այդ ընթացքում հասցրի և «ռեք»-ը միացնել, և փախչել այդտեղից: Այսինքն՝ ցանկացած որոշում պիտի կայացնես վստահ, արագ ու միանձնյա: Ես ճանաչում եմ լրագրողի, որը երկար տարիների փորձ ունի ռազմական լրագրության մեջ, ունի բազմաթիվ կապեր ու ծանոթներ, խաղաղ ժամանակ առաջնագծում ռեպորտաժներ նկարելու և նյութեր գրելու փորձ ունի, բայց նա մարտական գործողություններին երբեք չի մասնակցել, հիմա նա ռազմական լրագրո՞ղ է, թե՞ ոչ: Սա խնդիր է, ինչի պատասխանը ես ինքս դժվարանում եմ գտնել: Ինձ սկզբում կոչում էին ռազմական ֆոտոլրագրող, հետո արդեն ռազմական լրագրող: Ես միշտ ներկայանում եմ որպես ազգային անվտանգության մասնագետ, այն ինչ կա դիպլոմիս մեջ: Ես նույնիսկ չեմ ծառայել, բայց պատերազմի մասնակից եմ:

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյան

-Կպատմե՞ք պատերազմ լուսաբանելու Ձեր փորձառության մասին։  

-Առաջինը 2020 թվականին հուլիսին էր, երբ Տավուշի ուղղությամբ մարտեր էին ընթանում: Այդ ժամանակ ես եղել եմ Այգեպարում, Բաղանիսում և այլ մոտ գյուղերում, բայց բուն մարտական գործողությունների մեջ ու բուն առաջնագծում չեմ եղել, որովհետև ոչ ոքի, այդ թվում ինձ, թույլ չեն տվել: Այդ ժամանակ ես Իջևանի ճգնաժամային կենտրոնում էի, գյուղեր էի գնում:  Արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ ես դիրքերում էի ու այնտեղից ակտիվ լուսաբանում էի մարտերը: Հիմա կարելի է ասել, որ պատրաստված եմ, նույնիսկ այս պահին իմ մեքենայում ունեմ համապատասխան հագուստ, չոր սնունդ, առաջին անհրաժեշտության իրերը, այսինքն ամեն պահի մենք պիտի պատրաստ լինենք, իմ կոշիկները միշտ կիսազինվորական են, որոնցով կարող եմ և´ քաղաքում քայլել, և´ ցեխերի մեջ, և´ սարերում, և´ կռվի դաշտում:

-Ի՞նչ առաջնային պայմաններ կան, որոնց պետք է բավարարի պատերազմ լուսաբանելու մեկնող լրագրողը։ 

— Անձամբ ես իմ մեքենայում այս պահին ունեմ զրահաբաճկոն, սաղավարտ, ընդ որում` բարձր որակի, դա շատ կարևոր է, շուկայում կան տարբեր տեսակների, սակայն պիտի ընտրես այն, ինչը քեզ օգնելու է ողջ մնալ: Կա նաև տագնապի պայուսակ, կենցաղային պարագաներ, կարևոր փաստաթղթեր, քարտեզներ, լրագրողական քարտեր, վկայականներ, ՊՆ-ի հավատարմագրման բեյջ և չոր սնունդ: Սրանք այն բաներն են, որոնք ապահովում են մեր պատրաստվածությունը` ֆիզիկական առումով, բայց մնացածը` տեղանքի իմացությունը, փոխկոնտակտը զինծառայողների, հրամանատարների, քաղաքացիական անդամների հետ կապը ևս կարևոր են:

Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյան

-Ձեր դիտարկմամբ, ինչքանո՞վ էին պատրաստված 44-օրյա պատերազմը լուսաբանող տեղացի լրագրողները և տարբերվո՞ւմ էին նրանք արտասահմանցի լրագրողներից ։ 

-Վստահաբար տարբերություններ կային, հատկապես տեխնիկական պատրաստվածությամբ, օրինակ՝ մի մասի մոտ կար արբանյակային հեռախոս, սեփական սաղավարտ ու զրահաբաճկոն, որը իրենց գործի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին է խոսում: Փորձառության առումով նույնպես կար տարբերություն, կար լրագրող, որը ավագ սերնդի ներկայացուցիչ էր ու 10 պատերազմ էր լուսաբանել, նույնիսկ 90-ականներից սկսած: Իսկ մեր լրագրողներից ոմանք մասնակցել էին 90-ականների պատերազմի լուսաբանմանը, բայց 44-օրյա պատերազմին արդեն ֆորմատը լիովին փոխված էր: Եվ բնականաբար նրանք, ովքեր պարբերաբար լուսաբանում են, ավելի մեծ փորձառություն ունեն: Օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաև արևմտյան երկրներում կան միջազգային ճանաչում ունեցող այնպիսի կենտրոններ, որտեղ կարող ես գնալ սովորել և դառնալ հենց ռազմական լրագրող և որակավորվես որպես այդպիսին: Հայաստանում օրինակ, դու ասում ես, որ դու ռազմական լրագրող ես, մասնակցում ես մի քանի մարտերի, լուսաբանում ես դրանք կամ գրում ես նյութեր, իսկ այնտեղ սերտիֆիկացում ես անցնում՝ նոր կոչվում ռազմական լրագրող:

-Կա՞ն Ձեզ համար հստակ կանոններ, «կարելի»-ներ և «չի կարելի»-ներ, որոնք Դուք ինքներդ եք Ձեզ համար սահմանել մարտի դաշտում:

-Չի կարելի զոհվել, մնացած ամեն ինչ կարելի է (ծիծաղում է)։ Կարելի, չի կարելի-ները շատ սուբյեկտիվ են ու շատ իրավիճակային: Իմ կարծիքով պիտի նկարել ու ֆիքսել անհնար ու հնարավոր ամեն ինչ, հետո ընտրել՝ ինչը հրապարակել, ինչը` ոչ: Օրինակ՝ ընթացակարգի մեջ գրված է` չի կարելի նկարել մեքենայի տեղաշարժը, բայց շատ դեպքերում խնդիրը ոչ թե նկարելն է, այլ հրապարակելը: Իմ դեպքում նկարում եմ ամեն ինչ, ինչը հնարավոր է, տալիս եմ ինչը, որ պետք է կամ կարելի է: Չի կարելի, երբ դու «թեմայի մեջ չես», իմ դեպքում էլ, եղել են պահեր, երբ փորձս չի հերիքել, մեկի հանդեպ կարող եմ լինել փորձառու, մեկի հանդեպ անփորձ, որովհետև սա էլ է խնդիր՝ Հայաստանի ռազմական լրագրողները չունեն դաշտ աշխատելու համար։ Երբ պատերազմը սկսում է, ՊՆ-ն փակում է գյուղերի մուտքը, նա իր մասով ճիշտ է, բայց այս դեպքում ռազմական լրագրողը ի՞նչ անի, ասում են. «Հետևեք պաշտոնական լրահոսին»: Սա ճիշտ է պետական անվտանգության տեսանկյունից, բայց ռազմական լրագրողը ե՞րբ պիտի աշխատի:

Ինգա Թամրազյանը զրուցում է ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանի հետ

-Պատերազմի ժամանակ ինչպիսինը՞ պետք է լինի ռազմական ոլորտի ներկայացուցիչների և լրագրողների միջև կապը:

-Նախ հարգանքը, վստահությունը և փոխըմբռնումը, սակայն փոխըմբռնումը ոչ միշտ է ստացվում, քանի որ չկան հստակ կանոններ պատերազմի դաշտում: Եվ կառանձնացնեմ այն, որ լրագրողները պետք է հիշեն իրենց հաղորդած տեղեկատվության գաղտնիությունը և ոչ մի դեպքում չհայտնեն իրենց աղբյուրի անունը:

-Դուք եղել եք շատ վտանգավոր վայրերում, շատ բան եք տեսել, այդ ամենն ի՞նչ հետք է թողել Ձեզ վրա, ինչպե՞ս եք հաղթահարել հետպատերազմյան սթրեսը, եթե այդպիսին եղել է։

-Այո, ես ունեցել եմ, այսպես կոչված, հետպատերազմյան սթրես, ինչը չեմ հաղթահարել, կառավարել եմ ու շարունակում եմ կառավարել, բայց դա չի հաղթահարվում:

ԻՆԳԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան, 3-րդ կուրս, լրագրություն