ԳլխավորԼուր

Մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններ. նախագիծ

Ուսուցիչը դասարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը:

Փաստաթղթով կարգավորվում են դպրոցի մանկավարժական աշխատողների վարքականոնին ներկայացվող պահանջները, ինչպես նաև ոլորտի շահառու հանդիսացող աշակերտների և ծնողների հետ փոխհարաբերությունները՝ էթիկայի նորմերի շրջանակում: Նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

Տեղեկատվական դաշտը լայն հնարավորություն է ընձեռում վարքականոնների մասին տարատեսակ ուսուցողական նյութեր ձեռք բերելու և կիրառելու համար, սակայն ցանկալի և համանման արդյունք ունենալու, միասնական նպատակաուղղվածություն ապահովելու համար անհրաժեշտ է հաստատությունում գործընթացի կազմակերպման մասնակից հանդիսացող մանկավարժական աշխատողների և խորհրդի անդամների համար ունենալ սահմանված վարքականոններ։

Մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու, կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի դրույթների պատշաճ իրազեկում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 11-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների նախագիծը՝ այստեղ։