ԳլխավորԼուր

Դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին

Հունվարի 28-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց դատախաղ-մրցույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի հիշատակին: Նախքան մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը:

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը շնորհավորեց ներկաներին հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ:

«Հայերիս համար հայոց բանակը բացարձակ արժեք է, մեր պետականության հիմքերը պահպանելու առումով՝ անփոխարինելի»,- նշեց ռեկտորը՝ ընդգծելով, որ մենք իրավունք չունենք ընկճվելու. պետք է մեր բանակն ավելի մարտունակ դարձնենք:

Դատախաղ-մրցույթին մասնակցում էր երկու խումբ՝ կազմված Ակադեմիայի քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդներից և դատախազի թեկնածուներից:

Կալանքի միջնորդության վերաբերյալ քրեական գործը քննվեց երկու փուլով. ընդհանուր իրավասության, այնուհետև՝ վերաքննիչ քրեական դատարաններում:

Մասնակիցները պարգևատրվեցին 5 անվանակարգերում՝ «Լավագույն պաշտպանական դիրքորոշում», «Լավագույն մեղադրական դիրքորոշում», «Լավագույն հռետոր», «Թիմային աշխատանքի լավագույն համակարգող», «Առավել ակտիվ մասնակից»:

Շնորհակալագրերով պարգևատրվեցին գործը քննող Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը, ինչպես նաև դատախաղի գնահատման հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանը:

Ամփոփելով՝ ռեկտորը շնորհակալություն հայտնեց Գևորգ Արշակյանի մայրիկին՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին նախաձեռնությանը միանալու և ներկա գտնվելու համար և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին դրա իրականացմանը: