ԳլխավորԼուր

Նախադպրոցական կրթական ծառայությունները կլիցենզավորվեն

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով փոփոխություն կատարելու շարժառիթը, նշել է, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքով՝ նախադպրոցական կրթական ծրագրերը և ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Փոխնախարարի խոսքով՝ ՀՀ-ում առկա են կազմակերպություններ` հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (շուրջ 300 հաստատություններ):

«Այդ կենտրոնները, գործելով վերահսկողությունից դուրս և զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ, չեն ապահովում երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները: Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների և չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, ինչը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Վերջինիս խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում՝ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ. օրինակ՝ տվյալ կենտրոնը չունի մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ:

«ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում վերոնշյալ հարցերին պատշաճ լուծում տալու համար: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նախադպրոցական կրթության բնագավառում ունենալ պետական քաղաքականության միասնական չափանիշների և նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ: Այն նպատակ ունի նաև սահմանել լիցենզավորման պայմանների ու պահանջների պահպանման նկատմամբ վերահսկման մեխանիզմներ և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր՝ բոլոր ուսումնական հաստատությունների համար: Միաժամանակ, կապահովվի պետտուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,- փաստել է փոխնախարարը և հավելել, որ նախագծերի ընդունումը կնպաստի նաև նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը` էապես բարձրացնելով այդ համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:

Նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա: Պետական տուրքի չափ նախատեսվում է 20 հազար դրամ: Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Comment here