ԳլխավորԼուր

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 9 ոսկե, 2 արծաթե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:

Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։

Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում վարժությունում ԱԱ-ի չեմպիոններ են դարձել Էդգար Բադալյանը (62 կգ), Արտյոմ Սոլոյանը (85 կգ), Հայկ Աֆյանը (105 կգ), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Սեդրակ Մացակյանը (105 կգ), Աշոտ Անտոնյանը (94 կգ)։

Ձգում վարժությունում երիտասարդների տարիքային խմբում չեմպիոններ են դարձել Գոռ Մարգարյանը (77 կգ) և Արտակ Ավետիսյանը (85 կգ), մեծահասակների տարիքային խմբում՝ Մակար Թամրազյանը (69 կգ), Գոռ Հովհաննիսյանը (105 կգ) և Արա Խաչատրյանը (85 կգ). վերջինս 288 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ է սահմանել: Վետերանների տարիքային խմբում էլ ոսկե մեդալ է նվաճել ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Դավիդ Գրիգորյանը (85 կգ):

Հռոմում անցկացված աշխարհի առաջնության շրջանակում տեղի է ունեցել միջազգային նախագահական ժողով, որին մասնակցել են նաև ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը, Եվրասիայի առաջնության և սևծովյան երկրների գավաթի խաղարկության հաղթող Աշոտ Անտոնյանը։ Ժողովի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ պաուերլիֆտինգի աշխարհի առաջնության անցկացման և տարբեր երկրներում մարզաձևի զարգացման վերաբերյալ։

Օրվա երկրորդ հատվածում տեղի է ունեցել միջազգային մրցավարի գրավոր քննություն, որին հաջողությամբ մասնակցել են նաև միջազգային մրցավարներ, ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը և մարզիկ Աշոտ Անտոնյանը։