Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի կազմակերպած՝ Սերգեյ Եսենինի ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել է ավելի քան 120 ուսանող՝ ևս մեկ անգամ վկայելով նման նախաձեռնությունների հանդեպ երիտասարդների մեծ հետաքրքրությունը, հայտնում են ՀԱՊՀ-ից։
«Նման միջոցառումները առանձնանում են ուսանողների ակտիվ մասնակցությամբ, անցնում գեղեցիկ մթնոլորտում։ Դրանք ոչ միայն նպաստում են ռուսերենի ուսուցման բարձր որակին, այլև ձևավորում են նոր մշակութային միջավայր, որտեղ տեխնիկական մտածողությամբ ուսանողները կարողանում են բացահայտել իրենց ստեղծագործական ունակությունները։
Լուիզա Սարգսյան․ Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչի պաշտոնակատար․ «Ուրախ եմ նշել, որ մեզ հաջողվել է սեր և հետաքրքրություն սերմանել ռուսերենի հանդեպ։ Նման միջոցառումները, որոնց ընթացքում այսքան ուսանող հանդես է գալիս երգով, պարով և ասմունքով, առանձնակի կարևորություն ունեն տեխնիկական բուհի համար: Ուսանողներն ունեն մեծ ոգևորություն, և այս անգամ նույնիսկ օգտվել էին արհեստական բանականության գործիքներից և «հանդիպել» Եսենինին՝ նրա ձայնի ու կերպարի ստեղծված մոդելով»:
Ուսանողները ասմունքել են Եսենինի ամենահայտնի ստեղծագործություններից՝ «Գյուղական լիրիկա», «Գիշերային մտորումներ», «Սև մարդը» և այլն, կատարել նրա բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր: Պարի ու շարժման լեզուն միջոցառմանը հաղորդել է երիտասարդական ռիթմ։
Լիլիթ Տոնականյան, «Արհեստական բանականության համակարգեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի․ «Եսենինը ինձ համար առեղծվածային կերպար է։ Ընտրել էի նրա յուրահատուկ գործերից մեկը՝ «Սև մարդը»: Թեպետ ունեմ մաթեմատիկական մտածողություն, բայց նաև գրում եմ բանաստեղծություններ, և ուրախ եմ, որ մեր տեխնիկական բուհում նման գրական միջոցառումներ են կազմակերպվում»:
Կառլեն Վարդանյան, «Գրաֆիկ դիզայն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող. «Մենք թիմով պաստառ էինք պատրաստել՝ ներկայացնելով Եսենինի կենսագրությունը։ Մասնակցեցինք մեծ սիրով: Նման միջոցառումները միավորում են քոլեջի և համալսարանի ուսանողներին, ստեղծում նոր կապեր, նոր մտքեր։ Կցանկանայի, որ մյուս անգամ միջոցառումը ամբողջությամբ լիներ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ ինչպես, օրինակ, այս անգամ արհեստական բանականության օգնությամբ «խոսեց» Եսենինը»:
Միջոցառումը ակնառու վկայություն է, որ Պոլիտեխնիկում կարողանում են տեխնիկական կրթությունը համադրել արվեստի հետ: Այստեղ ստեղծվել է միջավայր, որտեղ գիտությունը և մշակույթը քայլում են կողք կողքի՝ ձևավորելով բազմակողմանի զարգացող երիտասարդություն»,-նշված է ՀԱՊՀ-ի հաղորդագրության մեջ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews







