Երևանի պետական համալսարանի գիտաշխատող Արմինե Քոսյանը զբաղվում է սարդերի ուսումնասիրությամբ։ Նպատակն է մշակել Հայաստանում տարածված սարդերի ազգային ցուցակը, նկարագրել սարդերի նոր տեսակներ, տեղեկացնում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից։
Արմինե Քոսյանը շահառու է ճանաչվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթում՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «Notes on Dysderidae (Arachnida, Araneae) of Armenia and Iran, with new species and records» (Հայաստանի և Իրանի Disderidae (Arachnida, Araneae) նոր տեսակների նկարագրում և գրանցում) հոդվածը։
«Նմանատիպ ծրագրերը խրախուսում են երիտասարդներին կայանալու իրենց ընտրած ոլորտում։ Մենք ներգրավվում ենք միջազգային համագործակցություններում, ինչը շատ կարևոր է։ Գիտությամբ արդյունավետ զբաղվելու համար կարևոր է նաև պատշաճ ֆինանսավորումը», — նշեց Արմինե Քոսյանը:
Հոդվածում, որի համահեղինակներն են նաև Ֆինլանդիայի Տուրկու համալսարանի գիտաշխատող Ալիրազա Զամանին, Հարավային Աֆրիկայի Ֆրի Սթեյթ համալսարանի և Ռուսաստանի Ալթայի պետական համալսարանի գիտաշխատող Յուրի Մարուսիկը, նկարագրվել է գիտության համար սարդի նոր տեսակ ՝ «Dysdera haykana»։
«Նոր նկարագրված տեսակին անվանել եմ Հայկ նահապետի պատվին: «Dysdera haykana»-ն առաջին անգամ նկարագրվում է Հայաստանի կենտրոնական և հյուսիսային հատվածներում հավաքված արական առանձնյակների հիման վրա։ Մենք տրամադրում ենք նոր տաքսոնոմիկ և ֆաունիստական տվյալներ Հայաստանում և Իրանում հանդիպող սարդերի «Dysderidae» ընտանիքի երեք տեսակների վերաբերյալ։ Սարդերը մեծ նշանակություն ունեն էկոհամակարգում և Հայաստանում դեռ հայտնի չէ՝ քանի տեսակի սարդեր կան։ Մինչ այժմ գրանցված է մոտ 200 տեսակ, սակայն դա շատ փոքր թիվ է մեր կենսաբազմազանության համար», — ասաց նա։
Արմինե Քոսյանը նշեց, որ սարդերին ուսումնասիրելիս հետաքրքիր է հետևել մայր սարդերի վարքագծին՝ ինչպես են նրանք հոգ տանում իրենց ձվերի մասին մինչև դրանցից դուրս եկած ձագերն ինքնուրույն դառնան։ «Բնության մեջ ամենակարևորը հետք թողնելն է, այսինքն, սերունդ։ Մայր սարդերն այս խնդիրը լուծելու մի քանի եղանակ են գտել: էգ գայլասարդն ամրացնում է ձվի պարկը որովայնի տակ և տանում այն իր հետ մինչև ձագը դուրս գա։ Այս ընթացքում հոգատար ծնողը չի սնվում և անձնվիրաբար պաշտպանում է ձվի պարկը վտանգներից։ Մինչդեռ նոր դուրս եկած ձագը կյանքի առաջին օրերն անցկացնում է մեջքի վրա կծկված: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են ինքնուրույն ապրել, իսկ ծանրաբեռնված մայրը շուտով մահանում է», — ներկայացրեց Արմինե Քոսյանը։
Ներկայում երիտասարդ գիտնականը ներգրավված է «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորում ու համակարգում» ծրագրում, որի հիմնական նպատակն է ստեղծել կենդանիների գենետիկ բանկ։ Ծրագրի շրջանակներում կատարվում է առանձնյակների հավաք, չափագրում, գրանցվում են աշխարհագրական կոորդինատները, նկարագրվում է տեղանքը, ժամանակը, ջերմաստիճանը։
«Որոշ առանձնյակներ լուսանկարում ենք տեղում և վերադարձնում բնություն, իսկ որոշ առանձնյակներ էլ տեղափոխվում են ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի լաբորատորիա», — ասաց նա։
Արմինե Քոսյանը կարևորեց գիտական նախաձեռնությունների, «Գիտուժի» գործունեությունը՝ նշելով, որ դրանք համախմբում են գիտնականներին և նոր համագործակցությունների հնարավորություններ ստեղծում։